Մշակույթ

Ազոխի քարանձավը․ մարդու գաղթը Աֆրիկայից

Ժամանակակից մարդը պրիմատների կարգի հոմինիդների ընտանիքի Homo ցեղի Sapiens տեսակն է: Մարդու էվոլուցիայի ուղիների վերականգնման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն մարդու հնագույն նախնիների բրածո մնացորդների գտածոները, որոնք ներկայումս հայտնի են Հին Աշխարհի բոլոր  մայրցամաքներում: Աֆրիկայից նախապատմական գաղթերի և Ասիայի ու Եվրոպայի գաղութաբնակեցման առումով Ազոխի քարանձավային համալիրը  առանցքային դիրք է զբաղեցնում, քանի որ տեղակայված է աշխարհագրական միջանցքում, որը, հնարավոր է, անցուղի է ծառայել Աֆրիկայի, Եվրոպայի ու Ասիայի միջև ինչպես մարդու վաղ նախնիների, այնպես էլ եվրոպական ու աֆրիկյան  ֆաունայի այլ ներկայացուցիչների համար: 2002-2012թթ. միջազգային հետազոտական խմբի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ տարբեր ժամանակաշրջաններում Ազոխի քարանձավում բնակվել են մարդկանց երեք տեսակ՝ հեյդելբերգյան մարդը (Homo heidelbergensis), նեանդերթալյան մարդը (Homo neanderthalensis) և բանական մարդը (Homo sapiens):

Նեանդերթալցու ստորին ծնոտի բեկոր (Ազոխի քարանձավ)

Ամերիկացի ականավոր մարդաբան Ջարեդ Դայմոնդը իր գիտա-հանրահայտ «Զենքեր, մանրէներ, պողպատ» աշխատությունում գրում է. «Մարդկության պատմությունը սկսվել է Աֆրիկայում,մոտ 7 միլիոն տարի առաջ։ Մոտավորապես այդ ժամանակաշրջանում աֆրիկյան պրիմատների պոպուլյացիան  բաժանվել է մի քանի ճյուղերի, որոնցից մեկը հանգեցրել է ժամանակակից մարդու առաջացմանը։ Հնագիտական նյութերը  ցույց են տալիս, որ մեր նախնիները ուղղահայաց քայլել սովորել են մոտ 4 մլն. տարի առաջ, իսկ 2,5 մլն. տարի առաջ նրանց մարմնի չափերը, ինչպես  նաև  ուղեղի  ծավալը  սկսել  են  մեծանալ»։ Մարդաբանների և հնագետների գերակշիռ մեծամասնութունը ներկայումս կիսում է այն կարծիքը, որ ժամանակակից մարդը ունի աֆրիկյան ծագում: Մոտ 2 միլիոն տարի առաջ Homo ցեղի  ներկայացուցիչները հայտնվում են Աֆրիկայի սահմաններից դուրս և հաստատվում են Մերձավոր  Արևելքում և Անդրկովկասում, իսկ հետո, աստիճանաբար  սկսվում են տարածվել դեպի արևելք: Յուվենալ  Նոյ  Հարարիի  գրքում  կարդում ենք. «Մոտ 2 միլիոն տարի առաջ այս հնագույն տղամարդկանցից  ու  կանանցից ոմանք լքեցին իրենց հայրենիքը՝ թափառելով ու բնակություն հաստատելով Հյուսիսային  Աֆրիկայի, Եվրոպայի ու Ասիայի հսկայական տարածքով մեկ։ Քանի որ Հյուսիսային Եվրոպայի ձյունածածկ անտառներում գոյատևելը պահանջում էր այլ հատկանիշներ, քան այն, ինչ անհրաժեշտ էր Ինդոնեզիայի  հեղձուցիչ  ջունգլիներում  ողջ մնալու համար, մարդկային պոպուլյացիան զարգացավ տարբեր  ուղղություններով. արդյունքում  ձևավորվեցին  տարբեր տեսակներ»։ Եվրոպայում և Արևմտյան Ասիայում հաստատվեց Homo  neanderthalensis-ը: Նեանդերթալյան մարդը  (առաջին գտածոյի տեղի՝ Նեանդեր հովտի անունով)  ունեցել է զարգացած մկանային համակարգ, իսկ ուղեղի  ծավալը ավելի  մեծ  էր, քան  ժամանակակից մարդու ուղեղի միջին ծավալը: Հնագիտական ուսումնասիրություններից  մեզ հայտնի է, որ նեանդերթալցիները խնամք էին ցուցաբերում հիվանդների  նկատմաբ  և իրականացնում էին բարդ ծեսեր:  Կասկածից վեր է, որ նրանց մոտ գոյություն է ունեցել թաղման արարողություն: Ասիայի՝ դեպի արևելք ընկած մասերում ապրում էին Homo erectus-ները ու մարդու այդ ամենադիմացկուն տեսակն այնտեղ գոյատևեց  2 միլիոն տարի: Ինդոնեզիայում, Ճավա կղզում, ապրում էր Homo saloensis-ը՝ «մարդը  Սոլո հովտից», որը հարմարվել էր արևադարձային գոտում ապրելուն: Եվրոպայում և Ասիայում մարդկային ցեղի այս տեսակների էվալյուցիային զուգահեռ էվոլյուցիա էին ապրում նաև Արևելյան Աֆրիկայի մեր ցեղակիցները։ Մարդկության օրրանը  շարունակում էր սնուցել բազմաթիվ նոր տեսակներ, ինչպիսիք են Homo rudolfensis-ը, Homo ergaster-ը՝  «աշխատող մարդը», և, ի վերջո, հենց մեր սեփական տեսակը՝  Homo sapiens-ը։ Մոտ 70 000 տարի առաջ ժամանակակից մարդու տեսակը՝ Homo sapiens-ը, դուրս եկավ Աֆրիկայից:Այս անգամ ոչ միայն Միջին Արևելքից դուրս մղեցին նեանդերթալցիներին ու իրենց մյուս ազգակիցներին, այլև ջնջեցին երկրի երեսից: Զարմանալիորեն կարճ ժամանակաշրջանում սապիենսները հասան  Եվրոպա և Ասիա: Ըստ Ջարեդ Դայմոնդի, առավել ակնհայտ ապացույցը, որ  ժամանակակից մարդիկ ծագում են մի տարածաշրջանից, որտեղից նրանք տարածվել են ամբողջ աշխարհում  և  ոչնչացրել  մարդկանց մյուս տեսակները, մենք գտնում ենք Եվրոպայում։ Շուրջ 40,000 տարի առաջ Եվրոպա են թափանցում Homo  Sapiens-ները, իսկ մի քանի հազար տարի անց Եվրոպայում ամբողջովին  անհետանում են նեանդերթալցիները, որոնք եղել են աշխարհամասի միակ բնակիչները հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Հետաքրքիր է  Յուվենալ  Հարարիի հարցադրումը. «Ի՞նչ ընթացք կստանար պատմությունը, եթե  նեանդերթալցիները ողջ մնացած լինեին Homo Sapiens-ի հետ մեկտեղ: Ի՞նչ  մշակույթներ, հասարակություններ, քաղաքական կառույցներ ի հայտ կգային տարբեր մարդկային տեսակներով  բնակեցված աշխարհում»:

Այսպիսով, Ազոխի քարանձավն ունի հնագիտական մեծ նշանակություն և կարևոր աղբյուր է նախապատմական գաղթերի ուղիների, հնագույն մարդկանց կենսաձևի և գործունեության ուսումնասիրման համար:

Հոմինիդների ընտանիքի կազմը (Աղբյուրը՝ Л. Вишняцкий  “Как Homo стали sapiens”)

Կարգաբանություն Հայտնաբերման   վայրը

 

Թվագրությունը

(մլն. տարի առաջ)

Sahelanthropus  tchadensis Կենտրոնական  Աֆրիկա 7,0
Orrorin  tugenensis Արևելյան  Աֆրիկա 6,0
Ardipithecus   ramidus Արևելյան  Աֆրիկա 4,4
Ardipithecus   kadabba Արևելյան  Աֆրիկա 5,8/5,2
Australopithecus  anamensis Արևելյան  Աֆրիկա 4,2-3,9
Australopithecus  afarensis Արևելյան  Աֆրիկա 3,9-3,0
Australopithecus bahrelghazali Կենտրոնական  Աֆրիկա 3,5/3,0
Kenyanthropus   platyops Արևելյան  Աֆրիկա 3,5
Ausrtalopithecus   africanus Հարավային  Աֆրիկա 3,0-2,4
Australopithecus   garhi Արևելյան  Աֆրիկա 2,5
Australopithecus   sediba Հարավային  Աֆրիկա 2,0-1,8
Paranthropus  aethiopicus Արևելյան  Աֆրիկա 2,7-2,2
Paranthropus  robustus Հարավային  Աֆրիկա 1,9-1,4
Paranthropus   boisei Արևելյան  Աֆրիկա 2,3-1,2
Homo    habilis Արևելյան   Աֆրիկա 2,4-1,4
Homo  rudolfensis Արևելյան  Աֆրիկա 2,4
Homo   ergaster Արևելյան  Աֆրիկա, Հրվ. Աֆրիկա, Անդրկովկաս 1,9-1,6
Homo  erectus Աֆրիկա, Արևմ. և Հրվ.-Արևելյան  Ասիա,   Հրվ.  Երոպա 1,6-0,6
Homo  antecessor Արևմտյան  Եվրոպա 0,8
Homo  heidelbergensis Աֆրիկա, Ասիա, Եվրոպա 0,6-0,2
Homo  neanderthalensis Եվրոպա, Կենտրոնական  և Արևմտյան  Ասիա 0,2-0,03
Homo  floresiensis Հարավ-Արևելյան  Ասիա 0,03-0,018
Homo sapiens Ամենուրեք 0,2-0

Սամվել Թավադյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close