ՎերլուծությունՏարածաշրջան

Ալիեւը սրում է իրավիճակը սահմանին

Վերջին երեք ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահն անթաքույց սպառնալիքներ է ուղղում Հայաստանի հասցեին և որոշ ժամանակ անց սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Ավելի վաղ, հուլիսի սկզբին Ալիեւը Հայաստանին սպառնում էր «2016թ. ապրիլի կրկնությամբ», ինչից 5-6 օր հետո տեղի ունեցավ վերջին 4 տարվա մեջ ամենախոշոր ընդհարումը, ինչի արդյունքում ադրբեջանական զորքերը ունեցան կորուստներ ինչպես կենդանի ուժի, այդ թվում 3-րդ կորպուսի բարձրաստիճան սպայակազմի, այնպես էլ ռազմական տեխնիկայի տեսքով: Չհաշված բարոյական վնասը, որի արդյունքում Ալիեւը ստիպված եղավ ձերբակալել հարյուրի հասնող ակտիվ ընդդիմադիրների՝ մեղադրելով նրանց պետական հեղաշրջման մեջ:

Սեպտեմբերի 19-ին Ալիեւը հերթական անգամ իր առաջատար հեռուստաընկերություններին հրավիրեց հարցազրույցի, որի ժամանակ կրկին մեղադրանքներ ու վիրավորանքներ թափեց Հայաստանի եւ նրա ղեկավարության հասցեին, ընդհուպ սպառնաց ներխուժել Հայաստանի տարածք եւ դասեր տալ հայերին: Մինչեւ Ալիեւը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ կոչ արեց պատրաստվել պատերազմի, իրականացնել մոբիլիզացիոն ռեսուրսի պատրաստություն: Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվեց պահեստազորայինների զանգվածային հավաք վարժանքների և մարտական պատրաստության դասընթացների անցկացման նպատակով:

Նրա ելույթից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմից հնչեցին աջակցության ազդակներ՝ թուրքերի կողմից Ադրբեջանի դիրքորոշման միակողմանի աջակցության հայտարարության տեսքով:

Թուրքիայի նախագահի աշխատակազմում նշեցին, որ անկախ նրանից, թե ինչ ճանապարհ կընտրի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության լուծման համար, Անկարան իր բոլոր ուժերով կաջակցի Ադրբեջանին այդ ուղղությամբ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմում կարծում են, որ Հայաստանը, «հենվելով իր հովանավորների լուռ համաձայնության վրա, ամեն կերպ փորձում է ապակայունացնել վիճակը տարածաշրջանում՝ մոռանալով, որ Թուրքիան նույնպես Ադրբեջանի դաշնակիցն է»: Աշխատակազմում նշել են, որ Հայաստանի ռազմական սադրանքների նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների անգործությունը ոգեւորել է Հայաստանի իշխանություններին. «Մինսկի խումբը պետք է շտապ կարգով ակտիվանա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, կամ էլ խիզախորեն հայտարարի, որ ի վիճակի չէ լուծել այդ հակամարտությունը»,-ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում:

Թուրքերն ու ադրբեջանցիները համառորեն շարունակում են խոսել ինչ-որ երրորդ ուժի մասին, ու եթե ադրբեջանցիները այն անվանում են «արտաքին ուժեր», ապա թուրքերը խոսում են «Հայաստանի հովանավորների» մասին՝ ընդ որում չնշելով, թե ինչ արտաքին ուժերի կամ հովնավորների մասին է խոսքը:

Կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիների եւ թուրքերի ամբողջ ակտիվությունը նախապես համաձայնեցված բնույթ ունի: Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 9-ին գաղտնի այց է կատարել Թուրքիա, որտեղ թուրքական Բոդրումի իր ընտանիքին պատկանող հյուրանոցում, բացի հերթական բուժման կուրսից գաղտնի խորհրդակցություններ է անցկացրել թուրքերի հետ՝ Հայաստանի դեմ համատեղ հետագա քայլերի վերաբերյալ: Մինսկի խմբի համանախագահներին մեղադրելը հակամարտությունը լուծել չկարողանալու մեջ տեղավորվում է այս համատեքստի մեջ, քանզի գաղտնիք չէ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը ցանկանում է փոխել երեք համանախագահով բանակցային ձևաչափը, և Թուրքիային, որպես Մինսկի խմբի անդամ, ավելի մեծ դեր տալ բանակցային ձևաչափում:

Ադրբեջանի նախագահի ելույթը չի պահանջում որեւէ հիմնավոր վերլուծություն: Այն իր մեջ ներառել է ինչպես անձնական զգացմունքները, այնպես էլ տնտեսական եւ քաղաքական անհաջողությունները: Հեյդար Ալիեւի կողմից 25 տարի առաջ հայտարարված նավթային ռազմավարությունն իրեն չի արդարացրել Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հարցը լուծելու առումով, ավելին, այդ ռազմավարությունը բացասական դեր է ունեցել տնտեսական դիվերսիֆիկացիայի ճանապարհին: Ալիեւին ոչինչ չի մնում ասել սեփական ժողովրդին, քան մանիպուլացնել հնարովի թվերով, վարկանիշներով եւ բնակչությանը պահել «հայկական ագրեսիայի» դեմ տոնուսի մեջ:

Ադրբեջանի նախագահի ելույթից հետո ժամանակագրական առումով տեղի ունեցան հետևյալ իրադրաձությունները.

-սեպտեմբերի 20-ի գիշերը սոցցանցերի ադրբեջանական օգտատերերի մոտ հայտնվում են տեսանյութեր Շամխոր քաղաքում պայթյունների եւ քաղաքացիական բնակչության խուճապի մասին: Պաշտպանության նախարարությունը շտապ մամլո հաղորդագրություն տարածեց սեպտեմբերի 20-ին, ժամը 23.13-ին հայկական մարտավարական անօդաչու թռչող սարքի խոցման մասին: Ոչ ոք որևէ ԱԹՍ չէր տեսել: ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է սեփական ԱԹՍ-ի կորստի մասին լուրը: Եվ դրանով հանդերձ, այդ գիշեր Շամխոր քաղաք են եկել հրշեջ մեքենաների հաշվարկներ՝ չնայած տեղեկությանը, որ ԱԹՍ-ը խոցվել է քաղաքից բավականին հեռու:

-սեպտեմբերի 21-ի առավոտյան ադրբեջանական ՊՆ հաղորդում է Թովուզի ուղղության մարտական դիրքերում ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտի զոհվելու մասին: Դրանից 2 ժամ հետո ադրբեջանական ՊՆ հաղորդեց սեպտեմբերի 20-ին, ժամը 17.00-ին նույն ուղղությամբ ունեցած զինծառայողի վիրավորման մասին:

Ամենայն հավանականությամբ, վերջին երկու օրերի իրադրաձությունները շարունակություն են ունենալու: Իսկ շարունակությունը կարող է ցանկացած ձևի լինել, այդ թվում ամենաանսպասելի ձևով:

Էդուարդ Առաքելյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close