Քաղաքական

Անվտանգության խորհրդի նոր կազմը. ի՞նչ է փոխվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին:
Անվտանգության խորհրդի կազմում են երկրի առաջին դեմքերը՝ Արցախի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, պետական նախարարը: Նրանց հաջորդում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նախարարներից անվտանգության խորհրդի կազմում են արտաքին գործերի նախարարը եւ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարը: Ուժային կառույցների ղեկավարներից խորհրդի կազմում են հայտնվել նաեւ ԱՀ ոստիկանության պետն ու ԱԱԾ տնօրենը: Անվտանգության խորհրդի կազմում է նաև ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետը: Վերոնշյալ պաշտոնյաները նախկինում եւս ԱԽ անդամ էին: Ավելացվել է նոր անդամ՝ Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան: Այս պաշտոնն այժմ զբաղեցնում է նախկին պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:

Ի տարբերություն ԱԽ նախորդ կազմերի՝ նոր կազմում տեղ չեն գտել երկրի գլխավոր դատախազն ու գերագույն դատարանի նախագահը:

Արցախում անվտանգության խորհրդի կազմը սահմանվում է նախագահի հրամանագրով եւ ամբողջովին կախված է նախագահի ցանկությունից: Բակո Սահակյանի օրոք, օրինակ, ԱԽ կազմում տեղ էր գտել նաեւ հասարակական կազմակերպության ղեկավար՝ Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, որը նախկինում ԱԽ անդամ էր որպես Պաշտպանության նախարարի տեղակալ:

Ըստ նախագահի աշխատակազմի կանոնադրության՝ Անվտանգության խորհրդի գործունեությունն ապահովում է անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս պաշտոնը 2020թ. մայիսի վերջից զբաղեցնում է Սամվել Բաբայանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը

Նախագահին իրազեկում է երկրի ներքին եւ արտաքին անվտանգության հիմնահարցերի մասին:

Մշակում է Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրերը, ձեւավորում նիստերի օրակարգը, կազմակերպում նիստերի նախապատրաստման աշխատանքները:

Անվտանգության խորհրդի գործունեության իրականացման համար գործադիր իշխանության մարմիններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր եւ նյութեր է պահանջում:

Վերահսկողություն է սահմանում Անվտանգության խորհրդի որոշումների կատարման նկատմամբ:

Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է ուժային եւ իրավապահ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ստուգումն այն հարցերով, որոնք առնչվում են պետության անվտանգության քաղաքական եւ տնտեսական հիմքերի ապահովման հետ:

2020թ. հունիսի 26-ի նախագահի հրամանագրով նախագահի աշխատակազմում ձեւավորվել է նաեւ «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակ» պետական կառավարչական հիմնարկ, որի նպատակը  Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի  և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի բնականոն գործունեությունն ապահովելն է։

artsakhnow.am

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close