ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏնտեսական

Արցախի որ պետական մարմիններն են տարածք վարձակալում

artsakhnow.am հարցում էր ուղարկել կառավարություն` պարզելու թե Արցախի որ պետական մարմիններն են տարածքներ վարձակալում, ովքեր են վարձատուները եւ ինչ արժի վարձակալությունը: Մեր հարցմանը պատասխանել է ԱՀ ֆինանսների նախարար Վ.Բաղդասարյանը: Այսպես, վարձակալության համար ամենամեծ ծախսը կատարվում է Ազգային ժողովի համար «Արմենիա» հյուրանոցից աշխատասենյակներ վարձակալելու համար: Գործարքի արժեքը տարեկան 39 միլիոն 600 հազար դրամ է: Հաջորդ խոշոր վարձակալը ԱՀ արդարադատության նախարարություն է: Թիվ 1 նոտարական գրասենյակի համար նախարարությունը «ԱԿՐԵԴ» ՓԲԸ-ին վճարում է տարեկան 2 միլիոն 150 հազար դրամ, ՔԿԱԳ հանրապետական արխիվի համար ԱՆ Ստեփանակերտի քաղաքապետարանին վճարում է 24.500 դրամ, Մարտունու ՔԿԱԳ-ի համար Մարտունու մշակույթի տանը վճարում են 40 հազար դրամ, պետական ռեգիստրի տարածքի վարաձակալման համար Էռնեստ Միրզոյանին վճարվում է 3.480 հազար դրամ: Արդարադատության նախարարությունը Հադրութի ԴԱՀԿ համար տարեկան 516 հազար դրամով վարձակալում է Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի եղբորը` Վիգեն Աղաջանյանին պատկանող տարածքը:

Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալության (Վ.Սարգսյան 25) աշխատասենյակների վարձակալման համար ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը Ստեփանակերտի քաղաքապետարանին է վճարում տարեկան 760 հազար դրամ: Նույն շենքում աշխատասենյակների համար քաղաքապետարանին տարեկան 19.3 հազար դրամ է վճարում Շահումյանի շրջանի վարչակազմը:

Տարեկան գրեթե 800 հազար դրամով Ռ.Ազարյանից Ոստիկանությունն ավտոդրոմ է վարձակալում:

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որը տեղակայված է Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցում, աշխատասենյակների համար վճարում է գրեթե 4 միլիոն դրամ: Հյուրանոցը տրամադրված է անհատույց օգտագործման իրավունքով, վճարվում է միայն հյուրանոցի հարկային պարտավորությունների չափով:

Ընդհանուր առմամբ պետական մարմինների համար տարածք վարձակալելու նպատակով տարեկան ծախսվում է 51 միլիոն 350 հազար դրամ: Բացի նշված մարմիններից, մյուս բոլոր մարմինները գտնվում են կառավարական շենքերում:

Ալյոնա Հայրապետյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close