ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական համակարգում գործել է ֆեյքերի ֆաբրիկա

Artsakhnow.am-ի տեղեկություններով Արցախի ԱԱԾ բացահայտել  է Արցախի պետական համակարգում գործող ֆեյքերի ֆաբրիկա։ Տարբեր գերատեսչություններում` հիմնականում լրատվական բաժնում աշխատող աշխատակիցները ֆեյսբուքի կեղծ հաշիվների միջոցով զբաղվել  են քաղաքական գործիչների և ուժերի մասին ապատեղեկատվություն, բամբասանք ու հայհոյանք տարածելով։ Արդեն իսկ, աշխատանքից ազատվել են  Ոստիկանության և ԱԻՊԾ լրատվական բաժնի ծառայողներ։ Մեր տեղեկություններով կեղծ հաշիվ պահող օգտատերերից մեկը ոստիկանության լրատվության բաժնում աշխատող Գառնիկ Ալեքսանյանն է, որն ազատվել է վերոնշյալ զբաղեցրած պաշտոնից։ Մեր հարցին, արդյոք նրան ազատել են կեղծ հաշիվ պահելու համար, նա պատասխանեց՝ «ես աշխատանքից չեմ ազատվել։ Պարզապես դիրքային առումով զբաղեցրել եմ պաշտոն և համակարգում արված մի շարք փոփոխությունների շրջանակում նպատակահարմար չի համարվել իմ կողմից աշխատանքը շարունակել ու այն թողել եմ իմ դիմումի համաձայն»։

Մեր նույն տեղեկությունների համաձայն ԱԻՊԾ-ից ազատվել են նաև լրատվական բաժնի սպաներ Սոֆյա Հարությունյանը և Դավիթ Աբաղյանը։ Սոֆյա Հարությունյանի հետ զրույցում նա մեզ ասաց, որ աշխատանքից ազատվելու վտանգ ունեցել է, սակայն հիմա ամեն ինչ կարգին է։ Մեր հարցին՝ թե՞ արդյոք նրան ազատել են ֆեյսբուքի կեղծ հաշիվներով քաղաքական հակաքարոզչություն անելու համար, նա նշել է՝ «Ես երբեք թույլ չեմ տա նման քայլեր։ Իմ դաստիարակությունը ևս թույլ  չի տա և եթե լավ հետաքրքրվեք՝ կիմանաք, որ մեր պետության համար շատ բան ունենք արած… իմ հայրական խանութը նույնիսկ պրն. նախագահի շտաբն է եղել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երբևէ չեմ արել ու չեմ անի նման բան։ Առաջին անգամ Ձեզնից տեղեկացա, որ ինձ նման հարցում մեղադրում են..»։

Դավիթ Աբաղյանի հետ մենք չկարողացանք կապվել, ԱԻՊԾ-ից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասացին, որ Դավիթ Աբաղյանը ազատվել է իր դիմումի համաձայն։ Մեր նույն աղբյուրի համաձայն ֆեյքերի ֆաբրիկան համակարգվել է նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմից՝ խորհրդականի մակարդակով։ Այս թեմայով կապ հաստատեցինք նախկին նախագահի խորհրդական՝ Տիգրան Աբրահամյանի հետ։ Վերջինս ասաց, որ չի կարող այդ հարցով մեզ օգնել և առաջարկեց պաշտոնապես դիմել ԱԱԾ ու նախագահի աշխատակազմ: «Ամբողջ երկիրը Տավուշի ռազմական գործողությունների համար է զանգում, դուք Արցախում ինչ-որ նեղ թեմայի»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը Բակո Սահակյանի խորհրդականը լինելուց առաջ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ եղել է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարը: Մամուլում բազմիցս նշվել է, որ այս ՊՈԱԿ-ը վճարում է ֆեյսբուքի տարբեր օգտատերերի՝  կառավարության գործունեության մասին դրական նյութեր տարածելու համար: Այդ մասին 2016թ. նյութեր են հայտնվել «Հայկական ժամանակ» թերթում: Նյութերը կարելի է տեսնել այստեղ և այստեղ:

Ալյոնա Հայրապետյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close