ՀարցազրույցՏնտեսական

«Արցախփոստի» համագործակցությունը ֆիլատելիստների հետ ընդլայնվում է

Արցախի Հանրապետության միակ փոստային օպերատորի՝ «Արցախփոստի» շահութաբերության նվազման, խնդիրների, ինչպես նաև հետագա ծրագրերի մասին artsakhnow.am-ը խոսել է «Արցախփոստի» գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ։

-«Արցախփոստը» Արցախում գործող միակ փոստային օպերատորն է։ Արդյո՞ք շահութաբեր է ընկերությունը, և ինչպե՞ս է ազդել ընկերության շահութաբերության վրա «Արցախբանկ»-ի կողմից բանկային քարտերով թոշակների վճարումների ներդնումը։

-Ընկերության մուտքերի հիմնական բաժինը ավանդաբար կազմում է թոշակների, այդ թվում` զինվորական թոշակների, նպաստների, բնակչության նյութական օգնության վճարումներից ստացվող  ծառայության գումարը: Եթե ընդհանուր մուտքերում այն 2016 թվականին կազմում էր  77.2 տոկոս, ապա 2019-ին այն դարձավ 69.1 տոկոս: Թոշակների վճարումից ընկերության հավանական եկամուտը երեք տարվա ընթացքում նվազել է  19.1 միլիոն դրամով, զինվորական թոշակից` 28.0 միլիոն դրամով: Նվազումները պայմանավորված են «Արցախբանկ»-ի կողմից բանկային քարտերով թոշակների վճարումների ծավալների տարեցտարի ավելացմամբ: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի համեմատությամբ, 2019 թվականին ընկերության ընդհանուր հասույթը նվազել է մոտ 30 միլիոն դրամով  Սակայն այդ տարիներին 16.8 միլիոնով ավելացրել ենք մուտքերը փոստային ավանդական եւ վճարահաշվարկային ծառայություններից: Եկամուտների նվազմամբ պայմանավորված ավելի քան 29 միլիոնով կրճատել  ենք ծախսային հոդվածները: Պետք է արձանագրել, որ ընկերությունում գրանցված  11 միլիոն 138 հազար 730 դրամ վնասի մեջ 10 միլիոն 34 հազար դրամը կամ 90 տոկոսը բաժին է հասնում Քաշաթաղի շրջանին: Դա հիմնականում պայմանավորված է շրջանի աշխարհագրական մեծ տարածքով, նոսր բնակեցված եւ իրարից բավականին հեռու գտնվող բնակավայրերով, թոշակառուների եւ նպաստառուների ցածր թվաքանակով, շատ բնակավայրերում վճարահաշվարկային ծառայությունների անհասանելիությամբ, ինչպես նաեւ` մասնաճյուղի բավականին մեծ աշխատակազմով: 32 հոգանոց  կոլեկտիվի 25 անդամը գյուղական փոստատարներ են: Հենց դրանով է պայմանավորված, որ մասնաճյուղի 18.4 միլիոն տարեկան ծախսերի մեջ 16.3 միլիոն դրամը բաժին է հասնում աշխատավարձի ֆոնդին:

-Այնուամենայնիվ, պարո՛ն Գրիգորյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն շահութաբերություն ապահովելու համար։

Գարիկ Գրիգորյան

-Հաշվի առնելով,  փոստային ոչ ավանդական ծառայություններում տարեցտարի արձանագրվող բացասական միտումները, մեր ընկերությանը մնում է ֆինանսական նոր  ռեսուրսներ որոնել հենց ավանդական փոստային ծառայությունների  բնագավառում: 2016 թվականի համեմատությամբ 2019 թվականին սեփական եկամուտների մեջ փոստային ավանդական ծառայություններից ստացված եկամուտների ծավալը 7.5 տոկոսից աճել դարձել է 11.1 տոկոս: Աճը հիմնականում պայմանավորված է փոստային վճարման պետական նշանների /նամականիշեր/ վաճառքի ծավալների ավելի քան 33.8 տոկոս աճով: Այդ ցուցանիշը ձեռք է բերվել թողարկվող նամականիշերի նոր շարքերի եւ  դրանցում միջազգային թեմատիկայով նամականիշերի ծավալների ավելացմամբ, միջազգային ֆիլատելիստական կազմակերպությունների կողմից կազմակերպված մրցույթներում մասնակցելու հաշվին։

-Դուք խոսեցիք մրցույթների մասին և մենք տեղյակ ենք, որ  «Արցախփոստը» մասնակցում է «Փոստ Եվրոպա»ի կողմից հայտարարված ամենամյա «ԵՎՐՈՊԱ» նամականիշերի մրցույթին։ Ի՞նչ արդյունք է տվել և ի՞նչ հնարավորություն է ստեղծել այդ մրցույթը։

-2008 թվականից «Եվրոպական փոստային օպերատորներ» ասոցիացիայի թույլտվությամբ Արցախփոստը եւս թողարկում է «Փոստ Եվրոպայի» հայտարարած մրցույթային թեմայով նամականիշեր: Սակայն ամենամյա մրցույթին մասնակցելու իրավունք ունեն միայն Փոստ Եվրոպայի անդամ երկրները: Սակայն մեզ ոգեւորում է այն հանգամանքը, որ ներկա գտնվելով մրցութային այս հարթակում մենք ստանում ենք աշխարհին մեր գեղեցիկ նամականիշերը և միջազգային ֆիլատելիստական շուկայում Արցախի Հանրապետության դիրքը ցույց տալու հրաշալի հնարավորություն: Այն նպաստում է աշխարհի տարբեր երկրներում ապրող անհատ ֆիլատելիստների հետ ընկերության համագործակցության ընդլայնումը:  Հուսով ենք, որ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության անմիջական ջանքերի եւ հետեւողական աշխատանքների  շնորհիվ, գալիք տարվա պետական բյուջեում  վերջապես  ֆինանսական միջոցներ կհատկացվեն  ֆիլատելիստական ծրագրերի թողարկումներն ավելացնելու, թեմատիկան էլ ավելի հարստացնելու համար։

-Արդյո՞ք համագործակցում եք առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների հետ։

-Մենք իհարկե ակտիվ համագործակցություն ունենք հանրապետությունում գործող որոշ առեւտրային բանկերի հետ, անընդհատ ավելացնում ենք ինկասացիոն ծառայություններից ստացվող եկամուտների ծավալը: Երեք տարվա ընթացքում այդ ծառայության ծավալները ավելացել է 2.1 անգամ: Համապատասխան տրանսպորտային միջոցների  առկայության պայմաններում կկարողանանք ինկասացիայից ստացվող եկամուտներում ապահովել շարունակական աճ: Պատահում են դեպքեր, երբ ավտոտրանսպորտի խափանման պատճառով ստիպված հրաժարվում կամ հետաձգում ենք ինկասացիոն ծառայության մատուցումը, դրանով իսկ առաջ բերելով բանկերի արդարացի դժգոհությունը:

-Պարո՛ն Գրիգորյան, ըստ Ձեզ, այսօր ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած «Արցախփոստը»:

-Ընկերությունում այսօր լրջագույն խնդիր է դարձել տրանսպորտային հավաքակայանի թարմացումը: Հանրապետության երկու շրջաններից, եթե Քաշաթաղի շրջանում բնակչության թոշակների առաքումն ու փոստային սպասարկումն այսօր  իրականացվում է վարձակալած տրանսպորտային միջոցով, ապա Քարվաճառի շրջանը զրկված է նաեւ այդ հնարավորությունից:  Ընկերության տրասպորտային հավաքակայանում ավտոմեքենաների տարիքը տատանվում է 12-21 տարեկանի միջակայքում, որը շատ լուրջ խնդիր է։ Նաև նշեմ, որ ավտոտնտեսության թարմացումը նոր հնարավորություններ է ստեղծում, արագացնում ծառայությունների մատուցման  գործընթացը, նամանավանդ, եթե դա վերաբերվում է շրջաններին։

Հարցազրույցը՝ Քրիստինա Ալահվերդյանի

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close