ՌազմականՏարածաշրջան

Բաքվում նշում են «դաշնակաբոլշևիկյան ավազակախմբերից» ազատագրման օրը

Ադրբեջանցիներն իրենց համար ևս մեկ հերոսական օր են հնարել։ Այսօր, սեպտեմբերի 15-ին, նրանք տոնում են Նուրի փաշայի թուրքական կովկասամահմեդական բանակի կողմից Բաքվի ազատագրումը «դաշնակաբոլշևիկյան ավազակախմբերից»։

Իրականում, թուրքերի կողմից սեպտեմբերի 15-ի հանդիսավոր մուտքի ժամանակ ոչ մի բոլշևիկյան (Բաքվի խորհրժողկոմը) իշխանություն Բաքվում չկար։ Բոլշևիկները հեռացվել էին 1918թ․ հուլիսին և Բաքվում իշխանությունն անցել էր Կենտրոնական Կասպյան դիկտատուրայի ձեռքը, որը կազմված էր հիմնականում մենշևիկներից, Էսեռներից և Դաշնակցության երկու անդամից։ Ինչու՞ Կենտրոնական Կասպից, որովհետև այդ ժամանակ, մինչև 1918թ․ սեպտեմբեր, այդ տարածքը չուներ «Ադրբեջան» անվանումը, և ոչ ոք չէր ենթադրում, որ այն այդպես կկոչեն։ Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ Բաքուն կդառնա այդ պետական միավորման մայրաքաղաքը։ Ավելին, այնտեղ բնակվող մահմեդականները, ինչպես թուրքախոս, այնպես էլ պարսկախոս և լեզգիախոս, չէին կարող ենթադրել, որ արդյունքում դառնալու են ազգությամբ ադրբեջանցի։

Բաքվում գտնվող անգլիական զորախումբը գեներալ Դենստերվիլի գլխավորությամբ ուղղակի նստեց շոգենավերն ու գնաց իրանական Էնզելի։ Դենստերվիլը հետագայում իր հուշերում գրում է, որ ինքը չգիտեր, թե ինչու՞ պետք է այդքան քիչ ուժերով կռվի թուրքերի դեմ։ Թուրքերի դեմ կռվում էին միայն Ստեփան Լալայանի դաշնակցական ջոկատները՝ կատարելով Կենտրոնական Կասպյան իշխանության հրահանգները, սակայն անօգուտ։

Ադրբեջանական ֆանտազիաների մեջ ամենահետաքրքիրը, սակայն, այլ է։ Եթե թուրքերը «քշեցին բոլշևիկներին» Բաքվից, ապա ինչպես նրանք թողեցին Բաքուն բոլշևիկներին, ուղիղ տարիուկես հետո՝ 1920թ․ ապրիլի 28-ին։ Եվ 11-րդ Կարմիր բանակի զրահագնացքը Սաբունչի կայարան մտավ առանց որևէ կրակոցի։

11-րդ Կարմիր բանակի զրահագնացքը Բաքվում

Հարավային Կովկաս թուրքերին բերելու թեման կրկին բուռն քննարկվում է հարևան երկրում։ Եվ անցյալի իրադարձություններից հետո 102 տարին բավարար ժամկետ է, որպեսզի կրկնվի թուրքական զինված ուժերի մուտքը Բաքու, արդեն մշտական հիմունքներով։ Քանզի միայնակ Հայաստանի ու Արցախի դեմ նրանք գլուխ չեն հանում, ինչքան էլ իրենց համազգային լիդերի որդին Հայաստանին կոչ անի «իրար դեմ մեն-մենակ կռվել»։ Հաշվի առնելով այն, որ նավթի գինն այլևս չի վերադառնա ադրբեջանական տնտեսության համար հարմար գնի՝ առիթ է տվել ադրբեջանական ղեկավարությանն ավելի լկտի իրեն պահել միջազգային հարթակներում՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի հետ։

Դրա համար Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան ջանալ թուրքերի հետ մտերմանալ քաղաքական, տնտեսական և ռազմական բնագավառներում։

Այս տոնի առթիվ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները միմյանց շնորհավորական նամակներ են ուղարկել, ընդ որում Էրդողանը Ալիևին դիմել է «իմ թանկագին եղբայր, պարոն նախագահ Ալիև», իսկ Ալիևն էլ ադրբեջանա-թուրքական եղբայրությունը օրինակ է համարել ամբողջ աշխարհի համար։

Տոնի կապակցությամբ Գյանջայում տեղի կունենան երկու երկրների ռազմաօդային ուժերի ցուցադրական թռիչքներ, ընդ որում, թուրքերը կթռչեն դեռևս երկու երկրների ՌԱՈՒ զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած թուրքական F-16-երով և իրենց ուղղաթիռներով։ Հնարավոր է, այդ տեխնիկան թողել էին հենց այս օրվա միջոցառումների համար։

Էդուարդ Առաքելյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close