ՀարցազրույցՏնտեսական

Գինու ոլորտում Արցախը ավելի շատ Բուրգունդիայի ոճը կունենա

Հարցազրույց գինեգործ Վահե Քուշգերյանի հետ

Շարունակելով արցախյան գինեգործության մասին շարքը` artsakhnow.am-ը այս անգամ զրուցել է գինեգործ, «Semina Consulting» ընկերության գործադիր տնօրեն Վահե Քուշգերյանի հետ։

Պարո՛ն Քուշգերյան, Դուք լավ ծանոթ եք արցախյան գինեգործությանը։ Վերջին տարիներին զարգացման ի՞նչ միտումներ եք տեսնում։

-Նայե՛ք, զուգահեռ երկու գործընթաց է ընթանում։ Առաջինը` նոր այգիների հիմնումն է արտաքին և  ներքին ներդրումների տեսքով։ Չէի ասի, որ բոլորը դրսից են, մեծ մասը կամ Արցախից են, կամ նրանց հայրն է Արցախից, բայց օտարներ չկան, ինչպես օրինակ Հայաստանում, Արցախում այս կոնցեպտը չկա, և երկրորդը գործարանների վերակազմակերպումն է, այսինքն նոր սարքավորումների ներդնումը։ Այս ամենը իհարկե առաջ է գնում, ընդհամենը մի քանի տարի առաջ, երբ գնում էիր ինչ-որ ռեստորան, տնական գինի էին առաջարկում, իսկ հիմա ընտրությունը շատ ավելի լայն է։

Արցախում տարածված խաղողի սորտերը արդյո՞ք զարգացման նոր հնարավորություններ են ստեղծում ոլորտի համար։

-Ասեմ։ Արցախում միայն խնդողնին և սիրենին է, որ տարածված է կարմիր խաղողներից, կան նաև տարբեր տեսակներ, սակայն բոլորին խնդողնի են ասում, այսինքն չեն ասում սա սա է, իսկ այն այն է։ Հիմա մենք մասնագիտական աշխատանք ենք տանում գենետիկական անալիզներով, որ պարզենք, թե ինչ սորտեր կան այստեղ և նաև Գագիկ Մելյանը, ով աշխատում է Երևանում, նոր սորտեր է հայտնաբերել, որ կարելի է ուսումնասիրել և հետո որոշել, թե որ սորտը կարելի է օգտագործել, բայց այսօվա դրությամբ խնողնին է, որը տարածված է, և կա մի հզոր ծրագիրը, որը կապված է դրսի սորտերի հետ՝ պինո նուար, սիրա, մերլո, քաբերնե ֆրան, սա միակ պրոյեկտն է Արցախում, որտեղ տարբեր տեսակի սորտեր կան, իսկ սպիտակներից հայտնի է անանցը։

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է գինեգործությունը և այս գործում մեծ դերակատարություն ունի Սփյուռքը ներդրումների և մասնագետների տեսքով։ Արդյո՞ք պիկին ենք հասել, թե ոլորտը դեռ զարգանալու ներուժ ունի։

-Արցախում, իհարկե, կարելի է  ավելի շատ զարգացնել։ Ի տարբերություն Արցախի, Հայաստանում՝ Երևանում փոխվել է գինու կուլտուրան, որը այստեղ դեռևս չկա օրինակ՝ ճիշտ բաժակներ, գինետներ, ռեստորաններ։ Բոլոր նոր ռեստորաները, որոնք բացվում են շատ ավելի ժամանակակից են՝  բաց խոհանոցով, ճիշտ բաժակներով և գինիների լայն տեսականիյով, օրինակ՝ «Wine Republic», «Կտուր», «Կացին», «Ջիվան»։ Պետք է նշեմ, որ այստեղ` Արցախում այդ շարժը չկա, ես նոր տեսա Թումանյանի վրա նոր «Wine pub», սակայն դեռ չեմ ծանոթացել,  բայց պետք  են իհարկե նման բաներ Արցախում։ Ոնց որ դու կրակ ես վառում, հետո բռնկվում է և մի երեք չորս  տարուց Ստեփանակերտի Թումանյան փողոցը դառնում է  ռեստորանների, winepub-երի հավաքածու։ Մի այդպիսի վայր է պետք, որպեսզի ստանդարտ դնի մյուսների համար։ Մի քանի տարի առաջ նման բան կար Արցախում, սակայն շատ թույլ էր։ Մասնագետների պահով ասեմ, որ մասնագետը ոչ թե պետք է բերել, այլ մասնագետը պետք է գա։ Գինեգործության մասնագիտություն հիմա կա և  տարբեր գինեգործներ գալիս են, այդ թվում դրսից, մասնավորապես այգիներ են դնում, հողեր են անալիզ անում և այլն։ Բայց մշակույթը փոխելու համար չէի ասի։ Եթե Երևանյան ցանցերից մեկը, օրինակ՝ «Ամբասադորը»   կամ «Wine Republic» գա այստեղ, որոշակի փոփոխություն կլինի։ Իսկ արտասահմանից հայեր չէ, այնուամենայնիվ, նրանց գինու կուլտուրան այդքան էլ բարձր չէ։

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախում գինեգործության զարգացման ներուժը։ Արդյո՞ք այստեղ ևս կարող ենք ունենալ ենթադրենք «Կարասի» նման խոշոր արտադրողներ, թե կբավարարվենք փոքր ձեռնարկություններով։

-Կարասի նման մեծ՝ չէ, ավելի փոքր, քանի որ «Կարասը» Արմավիրի մարզում է և ավելի մեծ է՝ 2300 հա, մենք այստեղ չունենք դա և չենք կարող ունենալ։ Այստեղ մենք ունենք միկրոզոնաններ՝ Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ։ Սրանք բոլորը տարբեր են, տարբեր գինիներ են տալիս։ Արցախում մենք կունենանք փոքր և միջին արտադրողներ, օրինակ «Բերդաշենը» մեծ քանակությամբ գինի է արտադրում, սակայն նա տարբեր տեղերից է գնում խաղողը, իսկ «Կարասը» ունի իր բերքը՝ 400 հա։ Արցախը ավելի շատ Բուրգունդիայի ոճը կունենա։ Բուրգունդիայում գյուղերն են, գյուղերի մեջ այգիներ են։ Այսինքն մեր ուղղությունը դա է։ Նաև ասեմ, որ փոքր գործարանները կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանը։ Այսպիսով ավելի լավ է ունենանք 10 կամ 20 փոքր գործարաններ, քանի 1 մեծ գործարան։ Զբոսաշրջիկը գնում է Տող կամ Թաղլար, շրջում է և դա հետաքրքիր է։ Գինին առհասարակ մի քանի բան է բերում, որոնցից մեկը մշակույթն է, այն այսպես ասած տաշում է մարդում, փոխում է մոտեցումը խմելու հանդեպ։ Երկրորդը՝ մարդիկ սիրում են խաղողը, սիրում են այգիները։ Երեկ հյուրանոցում տեղ չկար, մարդիկ կարող են գնալ Տող կամ այլ վայրեր, որտեղ գինի են արտադրում, նաև գինու փառատոնն է շատ հաջող, ավելի հաջող է քան «Արենի» գինու փառատոնը, որը ավելի մեծ է, բայց այստեղ հավես է։

Դուք նաև գինի արտադրող եք։ Արդյո՞ք արտահանում եք Ձեր արտադրանքը և, որ շուկաներն են առավել հետաքրքիր։

-Լիքը շուկաներ կան իհարկե, բայց հեշտը Ռուսաստանն է, մարդիկ ռուսերեն են խոսում նաև։ Բայց, քանի որ ես Ամերիկայում եմ եղել,ինձ համար  Արմերիկան է հարազատ, նաև Եվրոպան։ Չինաստանը հետաքրքիր է, քանակի հետ կապված։ Օրինակ չինացիներին դուր էր եկել հենց «Կատարոյի» համը։ Ճապոնիան կարող է շատ լավ շուկա լինել, Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան։ Այդ վայրերում մոնոպոլիա է։ Դրա համար ավելի հեշտ է մտնել շուկա։ Իմ կարծիքով Եվրոպան հետաքրքիր է,բայց ամենալավը Ամերիկան կարող է լինել։ Ռուսաստանը միշտ կա, սակայն էժան երկիր է՝ 1 դոլլար, 1,5 դոլլար, բայց ամերիկացին համտես է անում և հետո որոշում  արժեքը։

-Վերջին շրջանում հայաստանյան հասարակությունը ավելի է հակվել դեպի գինիները։ Ըստ Ձեզ, որն է դրա պատճառը։

-Քանի որ հավես բան է, մեկը մյուսից նայում է, գնում են, ռեստորանում լիքը մարդ գինի է խմում։ Բայց իմ կարծիքով իսկական պատճառ կա՝ մենք յոթ հազար տարվա գինեգործության պատմություն ունենք և դա արդեն մեր մշակույթի մի մասն է։ Ուրեմն մենք շատ արագ վերականգնում ենք այդ ոլորտը, ԽՍՀՄ ժամանակ այն կորած էր, բայց  հայը արագ հասկանում է, որ եթե յոթ  հազար տարի մի բան ենք արել, ուրեմն պետք է դա պահել, և արդեն շատերը ուզում են դա անել։  Օրինակ՝ Բրազիլիայում, Չիլիում չկա գինու մշակույթ, կան միայն գործարաններ, չիլիցին չի խմում, բրազիլացին ևս, բայց արգենտինացին՝ այո։ Չես կարող ինչ-որ մի մշակույթ ստիպես, բայց մեզ մոտ մեր կենցաղի, լեզվի մեջ է այդ մշակույթը և շատ արագ ընկալվում է նաև նրա հաշվին, որ այդ ամենը շատ պոզիտիվ է։

Տե՛ս նաև՝ Խաղողի մշակման ոլորտում նախապատվությունը պետք է տալ արցախյան տեսակներին

Գինու արտադրությունը սկսվում է խաղողի այգուց

լուսանկարը՝ Հետք.ամ-ի

Հարցազրույցը՝ Քրիստինա Ալահվերդյանի

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close