ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ընդունված ութ արցախցի ուսանողի հարցն անորոշ է

ԱրՊՀ ութ շրջանավարտներ դիմել են ԵՊՀ մագիստրատուրա սովորելու համար, սակայն կանգնած են խնդրի առաջ՝ ուսման վարձի պատճառով: Ի սկզբանե, դիմորդների խոսքերով, Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից վստահեցրել են, որ ուսման վարձի 70 տոկոսը փոխհատուցվելու է: Դիմորդներից մեկի խոսքերով, նրանց տեղեկացրել են նախարարությունից, որ մի քանի ուսանողի 70% զեղչ են տրամադրելու ԵՊՀ-ում սովորելու համար։ «Սկզբում ոչ մի հաստատ բան չկար, բանակցում էին ԵՊՀ ռեկտորի հետ։ Մեզ ասել էին սկզբից, որ քանի որ ոչ մի բան հաստատ չէ, ԱրՊՀ ևս դիմենք։ Ես պատրաստել էի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ԱրՊՀ ևս դիմեմ, բայց հենց նույն օրը մեզ տեղեկացնում են, որ ԱՀ և ՀՀ կրթության նախարարների միջև պայմանավորվածություն կա արդեն, որի համաձայն մենք պետք է 70 % զեղչով (գումարի 70% վճարելու է պետությունը) սովորենք ԵՊՀ-֊ում։ Ոմանք իրենց փաստաթղթերը արդեն հանձնել էին ԱրՊՀ, բայց նորությունը լսելուց հետո հետ են վերցրել։ Մեր նախարարությունը մեզ լրիվությամբ վստահեցնում էր, որ ամեն ինչ կարգին է ու որ մեզնից հասնում է միայն ընդունվելը: Օգոստոսի վերջին հանձնեցինք քննությունները, և բոլորս էլ ընդունվեցինք։ Հետո մեզ զանգեցին ԵՊՀ-֊ից, որ պետք է վարձի 25%-ը վճարենք, որպեսզի մեզ հրամանագրեն։ Մենք զանգել էինք նախարարություն, բայց մեզ ասել էին՝ ոչ մի բան չվճարենք, ու վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է։ Հետո մեզ տեղեկացնում են ԵՊՀ-֊ից, որ առանց 25% վճարելու հրամանագրվել չի ստացվի։ Որոշում եմ վճարել վարձը, նախօրոք զանգում եմ մագիստրատուրայի բաժին, որտեղ ինձ տեղեկացնում են, որ ԵՊՀ-֊ում ռեկտորատը մերժել է մեզ զեղչ տրամադրելու առաջարկը։ Այս լուրը մենք իմացել ենք անցած երկուշաբթի, հենց նույն օրն էլ տեղեկացրել նախարարությանը։ Երկու օր ոչ մի լուր չունենալուց հետո մենք՝ ուսանողներս, գնացել ենք նախարարի մոտ։ Սկզբում փորձում էին կապվել ՀՀ նախարարի հետ, բայց ապարդյուն, հետո ասացին, որ ԵՊՀ-ի հետ պետք է կապվեն։ ԵՊՀ ռեկտորը բացատրեց, որ զեղչը մերժվում է, քանի որ ԵՊՀ-ն բավական ֆինանսական միջոցներ չունի։ Դրանից հետո ենք իմացել, որ զեղչը փոխհատուցման տեսքով չպետք է լիներ, այլ պետք է ուղղակի 100%-ի փոխարեն վճարեինք 30-ը։ Հետո մեզ ասացին, որ կփորձեն հովանավոր գտնել, առաջարկել էին նաև ԱրՊՀ-ում անվճար տեղեր տրամադրել կրթությունը շարունակելու համար»։

Ուսման վարձի փոխհատուցման խոստումը խթան է հանդիսացել ուսանողների համար, որ վերջիններս դիմեն Երևանի պետական համալսարան: Սակայն նրանց չէին տեղեկացրել խնդրի ամբողջ էության մասին:

Մեկ այլ դիմորդ պատմում է. «Մի ամբողջ ամառ սովորեցի գրեթե 4 տարվա կուրս ծրագրավորման լեզուներ և այլն, ու ահավոր խիստ ընդունելությունից ու տարված սթրեսից հետո ընդունվեցի հաջողությամբ ԵՊՀ։ Մի քանի օր անց գրեցին, որ պետք է ուսման վարձի 25 տոկոսը վճարենք, մենք ել վստահ էինք, որ Արցախը մեր փոխարեն արդեն 70 տոկոսը մուծել է։ Մուծումների վերջնաժամկետից մի քանի օր առաջ մեզ զանգահարեցին ԵՊՀ-ից զգուշացնելու, որ շտապենք, ասացինք, որ մեր փոխարեն պետք է որ վճարեին: Ասացին հա, իրենք ունեն գրություն ու առաջարկ, որ ԵՊՀ-ն պետք է ների 70 տոկոսը, որը մեզ համար աբսուրդ էր ու հասկանալի է, որ մերժելու են՝ ելնելով այնտեղի ֆինանսական վիճակից։ Մինչդեռ մենք վստահ էինք որ պետությունն է զուտ փոխհատուցում մեր վճարը։ Գնացինք նախարարություն դիմորդներով, ուղիղ նախարարի մոտ մտանք, շատ սրտացավ ասաց՝ ինչ վատ է չստացվեց, առաջարկեցին հովանավոր գտնել, զանգահարեց Ազատուհի Սիմոնյանին (ԱՀ նախագահի խորհրդական Սփյուռքի հետ հարցերի գծով), չստացվեց, ու այդպես ասաց կարող եք դե ԱրՊՀ-ում անվճար նստել, բայց այնպես է, որ մենք մեր մոգով էլ կարող էինք առանց նախարարության “ընդառաջման” նստել, ու մեր բաժինը չկար էլ ԱրՊՀում, մի քանի հոգի գնացին ԵՊՀ իրենց միջոցներով, բայց ես հրաժարվեցի՝ հիասթափված ամեն ինչից»:

Դիմորդներից մեկի խոսքերով էլ նախարարությունը փորձում է լուծել այդ հարցը: «Ճիշտն ասած իրենք էլ են հայտնվել վատ վիճակի մեջ, թյուրիմացություն է տեղի ունեցել, բայց ամեն կերպ փորձում են այս հարցին լուծում տալ, դեռ մի շաբաթ սպասում ենք»։

Մինչդեռ ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի ասուլիսի ժամանակ, Լուսինե Ղարախանյանը, հարցին, թե արդյոք զբաղվու՞մ են այս հարցով, պատասխանեց, որ Ազատուհի Սիմոնյանն է փորձում հովանավոր գտնել: Սակայն Ազատուհի Սիմոնյանի խոսքերով, նա այլ ծրագրով է զբաղված ու այլ ուսանողների համար է արդեն գտել հովանավոր՝ ի դեմս Հայ կրթության միության:

Նախարարությունից պարզաբանում խնդրեցինք սրա շուրջ, ինչին ի պատասխան, մեզ ասել են, որ նախարարությունը պարտավոր չէ վճարովի հիմունքներով ԵՊՀ ընդունված ուսանողների վճարը փոխհատուցել կամ հովանավորներ գտնել: «Նախարարությունն ընդամենը առաջարկել էր աջակցել: Դժվա՞ր է այդ ուսանողների համար մի քայլ ընդառաջել ու առաջին կիսամյակի վարձը վճարել, մինչև հովանավորներ կգտնվեն»,- ասել է ԿԳՄ մամլո խոսնակը:

Առաջին կիսամյակի վարձի վճարման առաջարկ նախարարությունից դիմորդներին չի արվել: Այժմ դիմորդներից երկուսը սեփական միջոցներով սովորում են ԵՊՀ-ում, մեկ այլ ուսանող ընդունվել է ԱրՊՀ, մյուսները դեռ անորոշ վիճակում են:

Ալյոնա Հայրապետյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close