ՀարցազրույցՌազմականՏնտեսական

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մինչև սեպտեմբերի վերջ «Սնունդ բանակին» ծրագիրը 100%-ով ավարտին կհասցնի

Պաշտպանության բանակին սնունդ մատակարարողների շարքում է նաև հայաստանյան առաջատար «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը։ Artsakhnow.am-ը զրուցել է ընկերության գլխավոր տնօրեն  Դավիթ Երեմյանի հետ։

-Պարոն Երեմյան, ինչպե՞ս է ընթանում «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից ՀՀ բանակին սնունդ մատակարարելու գործընթացը: 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը «Սնունդ բանակին» ծրագրով իրեն հատկացված զորամասերում սննդի կազմակերպման գործընթացն արդեն գրեթե 90%-ով իրականացրել է, 100%-ով այն ավարտին կհասցնենք մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ:

Զորամասերում սննդի մատակարարման գործընթացն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը. մեզ հանձնարարած զորամասերի ճաշարանները մենք ամբողջությամբ վերանորոգում ենք՝ համապատասխանեցնելով այն չափանիշներին, որոնք դրված են մեր ընկերության գործելաոճի հիմքում. վերանորոգում ենք խոհանոցը, ճաշարանը վերազինում ենք ժամանակակից տեխնիկայով, նորագույն սարքավորումներով, գույքով, սպասքով, կահույքով, կահավորում ենք նաև ինքնասպասարկման հոսքագծերը: Այս ամենն արվում է ուտեստների արագ պատրաստման ու մատուցվող սննդի որակի բարելավման և վերահսկման նպատակով: Մեր խոհանոցները հատուկ, փակ տարածքներ են, որտեղ պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերն ու անվտանգության կանոնները: Վերազինումից և մնացած գործընթացներից  հետո արդեն սկսում ենք աշխատել Պաշտպանության նախարարության հետ քննարկված և հաստատված նորմերին, կանոններին ու ձևաչափին համապատասխան:

-Համագործակցու՞մ եք արդյոք տեղական արտադրողների կամ գյուղացիական տնտեսությունների հետ, մթերու՞մ եք տեղական մսամթերք: 

Դեռևս ծրագրի քննարկման փուլում հայտարարել էինք, որ համագործակցելու ենք Արցախի և Հայաստանի բնակավայրերի ֆերմերային տնտեսությունների ու անհատների հետ զինվորների ճաշացանկում միայն թարմ ու որակյալ մթերք օգտագործելու նպատակով: Այս պահին Արցախում հանդիպումներ և բանակցություններ ենք իրականացնում ինչպես գյուղացիների, այնպես էլ Գյուղատնտեսության նախարարության հետ, տալիս հանձնարարություններ, հստակ նշում մեր ստանդարտներն ու պահանջները: Արդեն իսկ սկսվել է մթերման սեզոնը, դեռևս մթերում ենք միայն բանջարեղեն, եթե լինի լավ առաջարկ որակյալ բանջարեղենի, մենք սիրով կհամագործակցենք։ Ինչ վերաբերում է մսամթերքին, մենք անպայման մթերում ենք տեղականը, աշխատում ենք միմիայն տեղական մսամթերքով, թեպետ այս պահին Արցախից դեռ միս չենք մթերել, միայն Հայաստանից ենք բերում, բայց ԱՀ Գյուղատնտեսության նախարարության հետ բանակցությունների արդյունքում շուտով կկարողանանք նաև Արցախից մթերել բարձրորակ մսամթերք։ Մեզ համար առաջնային է, որպեսզի մթերքը լինի թարմ,  համապատասխանի մեզ անհրաժեշտ որակին ու քանակին:

-Որտեղի՞ց եք բերում ձեր հիմնական սննդամթերքը՝ հայաստանյան տնտեսություններից կամ արտասահմանյա՞ն: 

Հիմա հիմնականում աշխատում ենք Հայաստանից բերված մթերքով։ Զորամասում օգտագործվող սննդամթերքից տեղական չեն միայն նրանք, որոնք չկան Հայաստանում, օրինակ՝ հացահատիկների որոշ տեսակներ, ձավարեղեն, շաքարավազ և այլն:

«Երեմյան Փրոջեքթս»-ի Ջերմուկում և Դիլիջանում ֆերմաներ հիմնելուց հետո մեր կողմից արտադրված, եվրոպական չափանիշներին համապատասխան կաթնամթերքը և մսամթերքը, ինչպես նաև մեր հմուտ վարպետների՝ հատուկ տեխնոլոգիայով պատրաստված երշիկներն ու նրբերշիկները մատակարարվում են մեր կողմից սպասարկվող զորամասեր:

-Քանի աշխատող ունեք Արցախում, ինչքա՞ն է միջին աշխատավարձը: Գո՞հ եք արդյոք աշխատողներից:

Այս պահին Արցախում ունենք մոտ 280 աշխատող՝ 190.000 դրամ միջին աշխատավարձով: Աշխատակիցներից շատ գոհ ենք, թեպետ ծրագիրը սկսելուց առաջ Արցախի թիմի ձևավորումն ու աշխատանքն ավելի բարդ էի պատկերացնում, Արցախի ընկերներիցս էլ հաճախ էի լսում, որ դժվար է լինելու:

Բայց այսօր շատ լավ վիճակում ենք։ Մեր ընկերությունից Արցախ գործուղված թիմն ամենօրյա աշխատանքի շնորհիվ կարողացել է փոխանցել այստեղի աշխատակիցներին մեր թիմային ոգին, մեր աշխատելաոճը, կարգ ու կանոնի գիտակցումը, ինչն ընդունվել է և այսօր տալիս է արդյունքներ՝ ունենք նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, որը կրում է մեր ընկերության արժեքները, հավատարիմ է աշխատանքի մեր սկզբունքներին: Եվ ի վերջո, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե ինչու և ում համար ենք միավորվել այս ոգևորող գաղափարի շուրջ. անել ամեն հնարավորն ու անհնարը, որ մեր հայ զինվորը սնվի առողջ, համեղ ու բազմազան:

-Բարդ ռելիեֆ ունեցող զորամասերում դժվա՞ր չէ արդյոք սննդի ծառայության կազմակերպումը, հատկապես, երբ սնունդ մատակարարում եք նաև դիրքեր:

Ես չեմ տարբերակում բարդ և հեշտ աշխատանքներ։ Աշխատանքը՝ գործընթաց է, որը պետք է ճիշտ կազմակերպվի,  ինչի արդյունքում էլ այն դառնում և՛ հեշտ, և՛ հարմար, և՛ արդյունավետ։ Յուրաքանչյուր աշխատանքում էլ կան բարդություններ: Կարևորը՝ աշխատանքի ճիշտ կազամակերպումն ու նվիրված, սիրով աշխատող թիմն է:

Զրուցեց Ալյոնա Հայրապետյանը

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close