Քաղաքական

Ինչու՞ է ազատվել Ասկերանի շրջանի ղեկավարը

Ըստ Արցախի նախագահի պաշտոնական կայքի Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նոր վարչակազմի ղեկավար է նշանակվել Սասուն Բարսեղյանը: Իր պաշտոնում Դադայանը մնացել է երկու ամիս: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա պարզաբանել է իր ազատումը հետևալ կերպ. «Ես իմ պարտականությունները բոլորը պատշաճ, բարձր մակարդակով կատարել եմ, անաչառ միահավասարության սկզբունքով առաջնորդվել»: Թե ինչու է եղել ազատումը, Աշոտ Դադայանը չգիտի:  «Այսպես երևի ավելի լավ է հասարակության համար: Չեմ կարող ասել: Վիճակին չեմ տիրապետում».- եզրափակել է նա:

Նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը, մեր հարցին ի պատասխան, այսպես է մեկնաբանել Հարությունյանի որոշումը. «Ասկերանի շրջանում աշխատանքների և կառավարման արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով կատարվել է այդ փոփոխությունը»՝ հրաժարվելով հավելյալ պարզաբանումներից:

Հիշեցնենք, որ Աշոտ Դադայանը ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոն ստացած նախագահի թեկնածուներից է: Նոր վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը գործարար է, «Կանցլեր» գրենական պիտույքներ խանութ ՍՊԸ տնօրենը:

Սա երկրորդ դեպքն է Արայիկ Հարությունյանի նախագահության ընթացքում, որ նա կարճ ժամանակ անց պաշտոնից ազատում է իր կողմից նշանակված շրջանային վարչակազմի ղեկավարին: Օգոստոսի 25-ին պաշտոնանկ էր արվել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը՝ նախագահի հրահանգին հակառակ որդուն իր ենթակայության կառույցում աշխատանքի ընդունելու պատճառով:

Ալյոնա Հայրապետյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close