Ռազմական

ԼՂՀ Շահումյանի շրջանում 1991թ. մայիս-1992թ. հունիսի դեպքերի ժամանակագրության խճապատկեր

Dialogorg.ru-ն, «ԼՂՀ Շահումյանի շրջանի 28 տարվա օկուպացիան» տեղեկատվական-վերլուծական ծրագրի շրջանակներում ներկայացնում է «ԼՂՀ Շահումյանի շրջանում 1991թ. մայիս-1992թ. հունիսի դեպքերի ժամանակագրության» խճապատկերը՝ «Մռավի կանչը» գրքի տվյալների հիման վրա: Ժամանակագրությունը միաժամանակ կազմվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի ռազմական տվյալների, ԶԼՄ-ների, իրավապաշտպան դիտորդների և այլ կազմակերպությունների, լրագրողների տվյալների հիման վրա: Նշենք, որ «Մռավի կանչը» հրատարակվել է Մոսկվայում 2007թ. Յուրի Նավոյանի (այն ժամանակ «Ռուս-հայկական ընկերակցության» նախագահը) նախաձեռնությամբ նույնանուն գիտաժողովի կապակցությամբ, որը կազմակերպվել էր Մոսկվայում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչի և «Միտք» երիտասարդական կազմակերպության հետ համագործակցությամբ: artsakhnow.am-ը թարգմանաբար և հատվածաբար ներկայացրել է Շահումյանի հայաթափման ժամանակագրությունը։ Այժմ ներկայացնում ենք ամբողջական նյութը։

Մայիս/1991թ.

Մայիսի 2-ին ԽՍՀՄ ՆԳՆ-ի և Ադրբեջանի ԽՍՀ ՕՄՕՆ-ի զորքերը զրահատանկային ստորաբաժանումների, հրետանու, անդրկովկասյան ռազմական շրջանի 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ուղղաթիռների և հատուկ նշանակության զորքերի օգնությամբ մտան Խանլարի շրջանի Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերն ու գրավեցին դրանք: 15  մարդ սպանվեց (նրանց թվում կային ծերեր ու կանայք),   տասնյակ մարդիկ վիրավորվեցին, շուրջ 50 մարդ գերի վերցվեց ու բանտարկվեց Գյանջայում (Կիրովաբադ): Այդ ռազմական գործողության արդյունքում, որին առաջին անգամ ադրբեջանական զինված կազմավորումների հետ միասին մասնակցում էին նաև համամիութենական ենթակայության զորքեր, հայաթափվեցին Խանլարի շրջանի վերջին հայկական բնակավայրերը: Վերոնշյալ ռազմական գործողությունը տևեց մի քանի օր: Մոտ 3,5 հազար տեղի բնակիչներ ուղղաթիռներով նախ տեղափոխվեցին Ստեփանակերտ, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Գետաշենը և Մարտունաշենը թալանի ենթարկվեցին հարևան գյուղերի և Գյանջայի ադրբեջանցիների կողմից: Ավելի ուշ այդ բնակավայրերը վերաբնակեցվեցին ադրբեջանցիներով:

Մայիսի 24-ին ժամը մոտ 14:00-ին ադրբեջանցիները հարձակում կատարեցին Ադրբեջանի Շահումյանի շրջանի Հայ Բորիսներ  գյուղում, և գողացան 50 խոշոր եղջերավոր անասուն: ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ՕՄՕՆ-ի զինծառայողները սպանեցին Սպարտակ Մաթևոսյանին, Ներսես Տերտերյանին, Աշոտ Խաչատրյանին, Մայիս Հովհաննիսյանին և Աշոտ Մերոյանին, որոնք փորձում էին կանգնեցնել նրանց ու հետ վերադարձնել անասուններին:

Մայիսի 29-ին շրջանի պարետատան սպաների հետ հանդիպմանը գնդապետ Ժուկովն ասաց, որ ադրբեջանական կառավարությունը պահանջում է հայկական բնակչության արագ հեռացումը Շահումյանի շրջանից: Նա նաև տեղեկացրեց, որ ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բորիս Պուգոն բարձր է գնահատել Գետաշենում և ԼՂԻՄ-ի տարածքում Ադրբեջանական ՕՄՕՆ-ի վերջերս տեղի ունեցած գործողությունները: Բ.Պուգոյի խոսքերով, ՕՄՕՆ-ը «հաջողությամբ կատարում է ռազմական առաջադրանքները»:

1991թ. հունիս

Հունիսի 11-ին Վիկտոր Պոլյանիչկոն Շահումյանի շրջանի ներկայացուցիչներին ներկայացրեց հետևյալ պահանջները.

-անմիջապես ազատել  շրջանի կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Աղաջանյանին և վտարել Ադրբեջանի տարածքից,

-երեքօրյա ժամկետում հավանություն տալ Շահումյանի շրջանը de-facto Ադրբեջանի Գերանբոյի շրջանի մեջ մտցնելու մասին որոշմանը:

Հունիսի 13-ից դադարեցվել էր Շահումյանի շրջան էլեկտրաէներգիայի մատակարարումը: Հունիսի 15-ի առավոտյան Շահումյանի շրջանի տարածքից դուրս են բերվել ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը:

Հունիսի 28-ին բռնված ադրբեջանցու դիմաց հարազատներին վերադարձվեց Յուրի Ստեփանյանի դին (Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի 54-ամյա բնակիչ): Յուրի Ստեփանյանը գերի էր վերցվել հունիսի մեկին, երբ ՕՄՕՆ-ի զորքերը հարձակվել էին անասնապահական ֆերմայի վրա: Ոչ հստակ տվյալներով, Ստեփանյանը պահվում էր Գյանջա քաղաքում (նախկին Կիրովաբադ):

1991թ. հուլիս

Հուլիսի 4-ին ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովը ստորագրեց որոշում՝ Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանում արտակարգ դրության չեղարկման մասին, ինչով փաստացի կրկնեց Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ 1991 թվականի մայիսի 30-ի որոշումը՝ այդ շրջանում արտակարգ դրության դադարեցման մասին: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի հուլիսի 4-ի հեռախոսագրում մասնավորապես հաղորդվում է, որ ունեցած տեղեկություններով՝  հուլիսի 3-ի երեկոյան ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն ընդունել է ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորներ Լ.Ա.Հարությունյանին և Գ.Ա.Պողոսյանին՝ հերթական անգամ հավաստիացնելով, որ կարգադրություն կտա անմիջապես դադարեցնել Ղարաբաղում հակասահմանադրական ցույցերը: Այդ ընթացքում Ղարաբաղում անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակի տակ ադրբեջանական ՕՄՕՆ-ի և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերը անկարգություններ էին անում հայկական գյուղերում, ձերբակալում էին բնակիչներին՝ կասկածելի ցուցակներով, թալանում ու տարհանում էին նրանց: Նմանօրինակ հավաստիացումները Մ.Գորբաչովը ներկայացրեց նաև Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

1991թ. հուլիսի 4-ին ԽՍՀՄ նախագահի հրամանով, հաշվի առնելով, որ իրավիճակը կարգավորված է, Ադրբեջանի Շահումյանի շրջանում չեղարկվեց արտակարգ դրությունը: Այդ հրամանով, փաստացի, համամիութենական մակարդակի վրա օրինականցվեց Ադրբեջանի Գերագույն խորհրդի նույն թվականին ընդունած որոշումը: Հրամանի տեքստում մասնավորապես ասվում էր՝ «Հաշվի առնել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ա.Ն.Մութալիբովի հայտարարությունն այն մասին, որ կգործարկվեն Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանի բնակչության անվտանգության ապահովման, տեղի բնակիչների անհիմն տարհանման դեպքերի բացառման, ԽՍՀՄ Սահմանադրությամբ  երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների պահպանման բոլոր միջոցները»: (Նախագահ Մութալիբովը բազմիցս հրապարակայնորեն արտահայտել է այն միտքը, որ Ադրբեջանից հայ բնակչության տարհանումը հայտնի պայմաններում կարելի է որակել որպես «հարցի քաղաքական լուծում»):

Հուլիսի 4-ին ԽՍՀՄ նախագահը ստորագրեց որոշում ՕՄՕՆ-ի վեց զինվորներին պարգևատրել «Կարմիր Աստղ» շքանշանով՝ Ադրբեջանի Խանլարի շրջանի մարտերում զինված խմբերին զինաթափելու համար: Նկատի է առնվում Գետաշենի և Մարտունաշենի հայկական գյուղերում իրականացված «Օղակ» գործողությունը: Այդ գործողության ընթացքում սպանվել է 18 մարտիկ, այդ թվում թոշակառու տարիքի բնակիչներ, և տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ: Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման օրը Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի տեղակալ Էդուարդ Սիմոնյանցը տեղեկացրեց, որ շրջանների սահմաններում, որտեղ ԽՍՀՄ նախագահի հրամանով չեղարկվել էր արտակարգ դրությունը, կենտրոնացված են ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներ: Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանական ՕՄՕՆ-ի նոր զորքեր են ժամանել Շահումյանի շրջանի Զեյվա գյուղ: Հուլիսի 6-ի առավոտյան ժամը 5-ին սկսվեց ներքին զորքերի դուրս բերումը Շահումյանի շրջանի հայկական գյուղերից: Արտակարգ դրության շրջանի պարետատան ներքին զորքերի ստորաբաժանումների՝ Մանաշիդից, էրքեջից ու Բուզլուխից դուրս բերման հենց սկզբից (գյուղերի բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտ հազար մարդ) ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները սկսեցին կրակել վերոնշյալ գյուղերի վրա և փորձեցին մուտք գործել այդ գյուղեր: Հայերը՝ շրջանի բնակիչները, զինված դիմադրություն ցուցաբերեցին: Գործողությանը մասնակցում էին ՕՄՕՆ-ի 200 զինվոր և երկու զրահամեքենա: Էրքեջ գյուղի գրոհին մասնակցող ՕՄՕՆ-ի զինվորների շարքում էր Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Մամեդովը (Մամեդովը միաժամանակ մասնակցել է Ադրբեջանի ՆԳՆ-ի և ՊԱԿ-ի, ԽՍՀՄ ՆԳՆ և ՊՆ Խանլարի շրջանի Գետաշենի և Մարտունաշենի տարհանման համատեղ գործողություններին)

Գործողության ղեկավարների մեջ էր նաև Ադրբեջանի կուսակցության Գերբանոյի շրջկոմի առաջին քարտուղար Իրշադ Ալիևը: Հայկական կողմից սպանվեց Բուզլուխ գյուղի 62-ամյա Էդուարդ Հարությունյանը և վիրավորվեց 10 մարդ: Ինչպես նաև սպանվեց ՕՄՕՆ-ի երեք զինվոր, յոթը՝ վիրավորվեց, չորսը` ծանր:

Հուլիսի 6-ին ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Յազովը հրապարակեց Շահումյանի շրջան սանիտարական ավիացիայի թռիչքների արգելման մասին որոշումը: Ուղևորային չվերթներն արգելված էին դեռ երկու ամիս առաջ: Հուլիսի 6-ին ԽՍՀՄ ԶՈՒ-ի երկու պալատների համատեղ նիստում Լյուդմիլա Հարությունյանը հայ պատգամավորների անունից կատարեց հայտարարություն: Ելույթում նա բերեց Շահումյանի շրջանում և ԼՂԻՄ-ում ահաբեկչության ու բռնության փաստեր, որոնք իրականացվել էին նախագահի՝ արտակարգ դրության չեղարկումից հետո:

Հայ պատգամավորությունը պահանջեց, որպեսզի Գերագույն խորհուրդը դառնա Ադրբեջանի ԽՍՀ-ում հայերի իրավունքների երաշխավորը: Առաջարկվեց ԽՍՀՄ ԳԽ ներկայացուցիչներին  ուղարկել Շահումյանի շրջան՝   օբյեկտիվ ինֆորմացիա ունենալու համար, ինչպես նաև անհապաղ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Մամուլին է փոխանցվել Հայաստանի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հայտարարության տեքստն ուղղված ԽՍՀՄ նախագահին: Նրանում մասնավորապես ասվում էր՝ «արտակարգ դրության չեղարկումից հետո Շահումյանի շրջանում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. ահաբեկչություն և բռնություն, մարդկային զոհեր, այսպիսինն էին հրամանի իրականացման առաջին քայլերը: Շահումյանի շրջանի բնակչությանը սպասում է Սումգայիթի ճակատագիրը: Որպեսզի դա տեղի չունենա, մենք խնդրում ենք Ձեզ անհապաղ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Շահումյանի շրջանի հայերի հայկական բնակչության պաշտպանության համար գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև քննարկել իրավիճակը ԼՂԻՄ-ում, որտեղ չնայած Ձեր հավաստիացումներին, շարունակվում է հայ բնակչության բռնի տարհանումը»:

Հուլիսի 7-ին Մանաշիդ գյուղ էր բերվել 150 բեռնատար ավտոմեքենա, որոնք նախատեսված էին բնակիչների տարհանման և նրանց ունեցվածքի դուրս բերման համար:

Հուլիսի 7-ին 23:15-ին սկսվեց Էրքեջ գյուղի հրթիռային գնդակոծությունը: «Ալազան» տիպի 15 հրթիռ էր բաց թողնվել: Գնդակոծության արդյունքում այրվեց երեք տուն, վիրավորվեց գյուղի երկու բնակիչ: Միաժամանակ Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը շրջափակվեցին ու գնդակոծվեցին ադրբեջանական ՕՄՕՆ-ի և ՊԱԿ հատուկ ստորաբաժանումների կողմից: Հայկական Կարաչինար գյուղը նույնպես շրջափակվեց ՕՄՕՆ-ի զինվորների կողմից:

Հուլիսի 8-ին Մանաշիդ և Էրքեջ գյուղերը կրկին ենթարկվեցին գնդակոծության, այդ թվում ուղղաթիռներից, որոնք ժամանել էին ադրբեջանական Տոդան գյուղից:  Փոխհրաձգության արդյունքում մահացավ Վերիշեն գյուղի բնակիչ 25-ամյա Սերժիկ Սաղաթելյանը: Հուլիսի 8-ին Գերանբոյի շրջկենտրոնում տեղի ունեցավ իրավապահ մարմինների և ռազմական ղեկավարության խորհրդակացություն: Որոշվեց արագացնել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի դուրս բերումը Շահումյանի շրջանից և ավարտին հասցնել վերատեղաբաշխումը նույն օրվա ժամը 16:00-ին: Շահումյանի շրջանի պարետատունը Շահույանովսկից տեղափոխվեց Նավթալան քաղաք՝ տեղակայված Ադրբեջանի նախկին Կասում-Իսմայելովսկ շրջանում: Շահումյանի շրջանի տարածքում Ներքին զորքերի միանգամից երեք պահակետ թողնվեց, որոնք տեղակայված էին Կարաչինարում (մեկ զրահափոխադրիչ մեքենա և Ներքին զորքերի վեց զինվոր)  Գյուրզալար և Ռուս Բորիսներ (70 զինծառայող և երկու զրահափոխադրիչ մեքենաներ) գյուղերում, որոնք բնակեցված էին հայերով, ադրբեջանցիներով ու ռուսներով: Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերում ռազմական հենակետերը հուլիսի 6, 7, և 8-ին ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից ենթարկվեցին հարձակման ու գնդակոծության: Վերոնշյալ տեղափոխությունները կատարվել էին ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Յուրի Շատալինի հրամանով:

Հուլիսի 8-ին  Էրքեջի երկու վիրավոր հայերի Երևան տեղափոխած ուղղաթիռի ժամանումից հետո մարշալ Յազովը կրկնեց իր հրամանը՝ Շահումյանի շրջան սանիտարական ավիացիայի թռիչքների արգելման մասին:

Հուլիսի 8-ին Կարաչինար գյուղի մոտակայքում գտնվեց նույն գյուղի բնակիչ Խորեն Բալայանը, որին նախորդ օրն ադրբեջանցիները բռնել և ծեծի էին ենթարկել:

Հուլիսի 9-ին հետևեց հերթական հրթիռային գնդակոծությունը Բուզլուխ գյուղի վրա՝ ադրբեջանական Բաշքիշլակ գյուղի ուղղությունից: Վիրավորվեց Բուզլուխ գյուղի մեկ բնակիչ: Միաժամանակ Էրքեջ գյուղը նույնպես ենթարկվեց հարձակման Տոդան գյուղի ուղղությունից:

Հուլիսի 13-ի առավոտյան մոտ ժամը 6-ին Շահումյանի շրջանի տարածք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները: Զորքերը հրետանու օգնությամբ մեկուսացրին հայկական Էրքեջ գյուղը: Բուզլուխի և Մանաշիդի բնակիչներին սպառնացին ֆիզիկական բնաջնջմամբ, եթե նրանք անմիջապես չտեղափոխվեն Հայաստան: Համաձայնվելու դեպքում շրջանի ղեկավարությունը երաշխավորում էր դրամական փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև ապահովել անվտանգ տեղափոխություն: Ուղղաթիռներից շպրտում էին վերջնագրի (մինչև հուլիսի 15-ը) թղթերը: Երևանից ստացված տեղեկության համաձայն, ԽՍՀՄ ՊՆ, ԽՍՀՄ ՊԱԿ, ԽՍՀՄ և Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ գործողությունների մասին նրանք տեղյակ չեն: Հուլիսի 13-ին, տեղում իրավիճակը պարզելու համար, Շահումյանի շրջան են ժամանում ՀՀ ԳԽ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Վարդանյանը և Երևանի կայազորի հրամանատար գեներալ-մայոր Պիշեւը: Վայրէջքը տեղի չունեցավ, Գյանջայում Դավիթ Վարդանյանին չթույլատրվեց դուրս գալ ուղղաթիռից, և նրանք ստիպված վերդարձան Երևան:

Հուլիսի 14-ին, չսպասելով վերջնագրի ժամկետի լրացմանը, ՕՄՕՆ-ի զինվորները ներխուժեցին Մանաշիդ և Բուզլուխ: Բնակչությունը ստիպված էր փրկվել հարևան հայկական Վերիշեն գյուղում, իսկ բնակչության մի մասը թաքնվեց մերձակա անտառներում: Լքված գյուղերը հարևան գյուղերի ադրբեջանցիները թալանեցին:

Հուլիսի 15-ին 10:30-ին Էրքեջ գյուղը 10 ժամ և 30 րոպե դաշտային հրանոթներից և տանկերից, ուղղաթիռներից ենթարկվեց գնդակոծության:  Ժամը 11-ին Էրքեջը գրոհի ենթարկվեց ՄիԳ-23 կործանիչով: Զինվորների գյուղ մտնելու փորձերը հանդիպեցին տեղի բնակիչների ուժեղ դիմադրությանը: Մարտն ավարտվեց մոտ 15:00-ին, հարձակվողները նահանջեցին դեպի ադրբեջանական Տոդան գյուղը: Գնդակոծության հետևանքով մահացան գյուղի բնակիչներ Աբգար և Ռոզա Զաքարյանները: Ավելի քան 10 վիրավոր կար, որոնց շարքում էին Երմոնյա Մարտիրոսյանը, Ալվինա Դադոյանը, Քնար Ղազարյանը, Մանյա Մանուկյանը, Յուրիկ Կոխյանը, Մինաս Մարտիրոսյանը և Արկադի Մանուկյանը: Հարձակվող կողմում նույնպես կային սպանվածներ և վիրավորներ: Հուլիսի 15-ին ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Յազովը հրամայեց 4-րդ բանակի 23-րդ դիվիզիային նահանջել և տեղակայվել ադրբեջանական ՕՄՕՆ-ի ու Էրքեջ գյուղի արանքում:  Նա նաև դիմեց նախորդ օրը Մանաշիդ և Բուզլուխ գյուղերից փախած բնակիչներին, կոչ անելով վերադառնալ իրենց գյուղերը: Յազովի հրամանը մեկնաբանեցին ՀՀ ԳԽ  օպերատիվ շտաբում, որը ստեղծվել էր հուլիսի 13-ին. «Մեր կարծիքով կրկնվում է Գետաշենի դեպքերի սցենարը: Չէ՞ որ այն ժամանակ նույնպես կար մի պահ, երբ զորքերը հետ եկան ու կարծես զբաղեցրեցին չեզոք դիրք, բայց այնուհետև հաջորդեց «Օղակ» գործողությունը, որն ավարտվեց հայ բնակչության բռնի տեղահանմամբ: Մենք համոզված ենք, որ այս անգամ էլ կլինի եղածի կրկնությունը»:

Հուլիսի 15-ին Շահումյանովսկ են ժամանում ԽՍՀՄ ՆԳՆ քաղվարչության ներկայացուցիչ Եվգենիյ Բոգդանովը և շրջանային պարետատան շտաբի ղեկավար Ստեփան Լեբեդը: Հուլիսի 15-ին գնդակոծվեց Վերիշեն գյուղը՝ միաժամանակ Էրքեջ գյուղի վրա հարձակմամբ: Անսարքության մատնվեց տեղի հեռահաղորդիչը: Շրջանում երրորդ ամիսն էր, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված էր, հեռախոսակապը կտրված էր, ավտոմեքենաներով հաղորդակցությունը, որը կապում էր շրջանը ԼՂԻՄ-ի հետ, գտնվում էր խիստ վերահսկողության տակ:

Հուլիսի 16-ին Հայաստանի Նախարարների խորհուրդը հայտարարություն արեց. «Շահումյանի շրջանից ստացված տեղեկությունների համաձայն Բուզլուխ գյուղում, ինչպես նաև Վերիշեն, Կարաչինար, Հայ Բորիսներ գյուղերի մոտակայքում նկատվում են խորհրդային զորքերի, ադրբեջանական  ՕՄՕՆ-ի և ռազմական տեխնիկայի մեծ կուտակումներ: Մանաշիդ գյուղում գտնվում են ՕՄՕՆ-ի ջոկատները: Ակնհայտ է, որ նոր պատժիչ գործողություն է սպասվում»:

Հուլիսի 17-ին Էրքեջ գյուղի մոտակայքում գտնվել էր գյուղի բնակիչ Վ.Լալայանի դին: Նա գերի էր վերցվել հուլիսի 14-ին՝ զինվորների կողմից և փոխանցվել էր ադրբեջանական ՕՄՕՆ-ին:  Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը գնդակոծության ենթարկվեց Էրքեջ գյուղը: 14:15-ին Վերիշեն գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա ուղղաթիռները  Ադրբեջանական ԽՍՀ ՕՄՕՆ-ի դեսանտ իջեցրին: Միաժամանակ գյուղը ենթարկվում էր գնդակոծության ուղղաթիռներից: 15:00-ին ուղղաթիռները դեսանտ իջեցրին Էրքեջ և Բուզլուխ գյուղերի միջև ընկած տարածքում: Փոխհրաձգությունը գյուղերի բնակիչների, որոնք պաշտպանողական դիրք էին գրավել անտառում, և դեսանտի միջև շարունակվեց մինչև ուշ գիշեր: Ներխուժել Վերիշեն, բանակին ու ՕՄՕՆ-ի զինվորների չհաջողվեց, և դեսանտը ստիպված եղավ նահանջել: Երկու կողմից էլ կային սպանվածներ և վիրավորներ: Այդ օրը վիրավորվեց ութ հայ, այդ թվում Պետրոսյան Անդրանիկը, որը հուլիսի 21-ի առավոտյան մահացավ: ՕՄՕՆ-ի զորքերի մեջ չորս սպանված ու երեք վիրավոր կար:

Հուլիսի 21-ի առավոտյան թեժ փոխհրաձգությունը նորից սկսվեց Բուզլուխ և Մանաշիդ գյուղերի մոտակայքում: Զորքերն օգտագործում էին ուղղաթիռներ ու զրահատեխնիկա: Մարտի ընթացքում հայկական կողմից զոհվեց երեք, վիրավորվեց հինգ մարդ:

Հուլիսի 24-ին հրթիռակոծության ենթարկվեց Վերիշեն գյուղը: Հարձակմանը մասնակցում էին ութ ուղղաթիռներ: Երեկոյան հրաձգությունն ավելի ակտիվացավ: Հրաձգությունը փոփոխական ինտենսիվությամբ շարունակվեց մինչև 25-ի  առավոտը: Բնակիչները որոշել էին կանանց, երեխաներին ու ծերերին տարհանել Շահումյանի շրջկենտրոն տանող միակ չփակված ճանապարհով:

Հուլիսի 25-ին  ռազմական հրամանատարությունը կրկին սպառնաց ֆիզիկական բնաջնջման ենթարկել բնակչությանը, եթե չլքեն գյուղը: Նրանք միաժամանակ համաձայնեցին կազմակերպել վերջիններիս՝ Հայաստան և ԼՂԻՄ անվտանգ վերաբնակեցումը: Ամբողջ օրը շարունակվում էր գյուղի գնդակոծությունը, որին մասնակցում էին նաև Սու-25 հարձակողական մարտական ինքնաթիռները: Գնդակոծության արդյունքում զոհվեց գյուղի 4 բնակիչ, այդ թվում 10-ամյա տղա:

Հուլիսի 26-ին գյուղ են ժամանում ԽՍՀՄ պատգամավոր գնդապետ Վլադիմիր Սմիրնովը և մոսկովյան «մեմորիալի» ներկայացուցիչներ Յան Ռաչինսկին ու Ալեքսեյ Չերկասովը: Ավելի վաղ գյուղ էր ժամանել ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր Ա.Շաբադը: Չնայած շրջանային ռազմական պարետ գնդապետ Չեպունովի ժամանմանը գյուղ` այն շարունակվում էր ենթարկվել հրազենային և գնդացրային գնդակոծության:  Սմիրնովի և Շաբադի բոլոր փորձերը` կապվել դիվիզիայի հրամանատարության հետ Չեպունովի օգնությամբ՝ բնակիչների տուն վերադառնալու և շրջափակումը վերացնելու հարցով, ոչ մի արդյունք չտվեցին: Նույն օրը շրջանային գործկոմի նախագահ Շահեն Մեհրյանի և ժողովրդական պատգամավորներ Սմիրնովի ու Շաբադի կողմից ձեռք բերվեց համաձայնություն 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ներկայացուցիչների մասնակցությամբ հայ և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ վարելու շուրջ: Հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 27-ին ժամը 12:00-ին, այդպես էլ չկայացավ: Ժողովրդական պատգամավորները և շրջանային վարչակազմի ներկայացուցիչները երկու ժամ սպասելուց հետո ստիպված վերադարձան գյուղ: Սմիրնովի խոսքերով դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը հակված չէ կարգավորել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով:

Հուլիսի 27-ին Վերիշենը պարբերաբար ենթարկվում էր գնդակոծության: Գնդապետ, ժողովրդական պատգամավոր Վ.Սմիրնովը պատգամավորական հարցում է ուղում ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովին, որտեղ հաղորդում է, որ ԶԼՄ-ներում Յազովի անունից տարածված տեղեկությունը՝ թե իբր զորքերը դուրս են բերված, չեն համապատասխանում իրականությանը: Սմիրնովն առաջարկեց նախարարին անձամբ ժամանել դեպքի վայր և քայլեր ձեռնարկել ցեղասպանության կանխման և հայերի՝ իրենց գյուղեր վերադարձման համար: Հուլիսի 27-ի երեկոյան և 28-ի առավոտյան շրջանի տարածքից դուրս են հանվել շրջանի պարետատան վերջին պահակետերը: Շրջանի տարածքում մնացին միայն 4-րդ բանակի 23-րդ դիվիզիան՝ ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ միասին: Ելույթ ունենալով ադրբեջանական հեռուստատեսությամբ՝ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը կոչ արեց անմիջապես վերաբնակեցնել Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը ադրբեջանցիներով՝ խոստանալով վերաբնակեցվածներին ապահովել անասուններով: Մոսկվայի խորհրդի պատգամավոր Վ.Տիտովը, վերադառնալով Շահումյանի շրջանից, տարածեց հայտարարություն այն մասին, որ՝ «Խորհրդային բանակը մասնակցում է բարբարոսական գործողություններում, մասնավորապես Շահումյանի շրջանից հայկական բնակչության տարհանման մեջ: Այն ամենից հետո, ինչ ես տեսա անձամբ, ինձ համար պարզ դարձավ, որ համամիութենական կառավարությունն անցկացնում է պլանավորված քաղաքականություն՝ հայ բնիկներին պաշտոնապես Ադրբեջանին պատկանող տարածքից վտարելու ուղղությամբ»:

Հուլիսի 29-ին  4-րդ բանակի մեջ մտնող գնդապետ Բուդեյկինի 23-րդ դիվիզիան շարունակում է Վերիշեն գյուղի շրջափակումը: Գյուղի տնտեսական գործունեությունը կաթվածահար էր արված: Կարաչինար և Հայ Բորիսներ գյուղերում նկատվում էին զորքերի ու զրահատեխնիկայի մեծ կուտակումներ: Հայկական բնակավայրերի ուղղությամբ շարունակվում են կրակահերթերը: Վ.Սմիրնովը, որը գտնվում էր Վերիշեն գյուղում, դիմեց Ադրբեջանում ծառայություն անցնող զինվորներին, որում նա կոչ էր անում չիրականացնել խաղաղ բնակիչների տարհանման հանցավոր հրամանները: Շրջանում ոչ մեծ քանակությամբ անկախ դիտորդների, ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ պատգամավորների ներկայությունը, որոնք որոշել էին օգոստոսի մեկից Կարաչինար, Վերիշեն և Հայ Բորիսներ գյուղերում  սահմանել հերթապահություն, ինչպես նաև իրենց իրավունքերի համար պայքարող գյուղերի պաշտպանները ձախողեցին շրջանի 17 հազ. հայ բնակչության պլանավորված տարհանումը:

1991թ․ օգոստոս

Օգոստոսի 1-ին Շահումյանի շրջան են ժամանում մի խումբ արտասահմանյան լրագրողներ «շուրջ 20 մարդ Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Նիդեռլանդներից», ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչ Էկբետ Վետլիկը:

Օգոստոսի 2-ին Լենինգրադի քաղաքային խորհրդի ժողովրդական պատգամավոր Ա.Վանիկովը, որը գտնվում էր Վերիշեն գյուղում, հաղորդագրություն է ուղարկում Ժողովրդավարական Ռուսաստանի Լենինգրադի բաժանմունքի կոորդինացման խորհրդին, որում նախազգուշացնում է մոտակա օրերին Կարաչինար, Վերիշեն և Հայ Բորիսներ գյուղերից հայերի տեղահանման ու հայ բնակչության դեմ ռազմական գործողությունների իրականացման մասին՝ կոչ անելով Լենինգրադի ժողովրդավարական ուժերին դիմել բողոքի և համերաշխության զանգվածային գործողությունների:

Օգոստոսի 5-ին, առավոտյան մոտ ժամը 5-ին, Վերիշեն գյուղի ծայրամասերը գնդակոծվեցին, այրվեց մեկ ագարակ:  Գյուղը հարձակման ենթարկվեց մի քանի զրահափոխադրիչ ավտոմեքենաներով: Նույն օրը կեսօրին, մի խումբ պատգամավորներ ու մոսկովյան «Մեմորիալի» անդամներ, որոնք տեղանքը զննում ու նկարահանում էին, բարձունքից ենթարկվեցին գնդացիրի կրակահերթին: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ Ս.Բելոզերցեւը, Մոսկովյան խորհրդի ժողովրդական պատգամավոր Լ.Բալաշովը և «Մեմորիալի» անդամներ Յ.Ռաչինսկին և Ն.Չերկասովը ստիպված էին 9 ժամ անցկացնել ապաստարանում: Մութ ընկնելու հետ նրանց հաջողվեց վերադառնալ գյուղ: Նույն օրը ՀՄՄ-ից կրակի ենթարկվեց Հունաստանի և Նիդեռլանդների լրագրողների խումբը:

Օգոստոսի 4-ին ԽՍՀՄ, Ռուսաստանի և Լենինգրադի քաղաքային խորհրդի պատգամավորներ Վ.Սմիրնովը. Լ.Պոնոմարյովը և Ա.Վինիկովը հաղորդագրություն են ուղարկում Գորբաչովին, Ելցինին, Մութալիբովին, Յազովին և Պուգոյին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ զրահատեխնիկան դադարեցրել է գործողությունները պաշարված հայկական գյուղերում, սակայն կրակոցները շարունակվում են: Պատգամավորները մատնանշում են այն փաստը, որ գրավված Էրքեջ, Մանաշիդ ու Բուզլուխ գյուղերում տեղի է ունենում բնակեցում ադրբեջանցի ներգաղթյալներով, մինչդեռ տեղահանված հայ բնակիչները գտնվում են հարևան բնակատեղիներում: Հաղորդագրության մեջ կային իրավիճակի կարգավորման առաջարկություններ.

  1. Բանակային ստորաբաժանումները հեռացնել մշտական տեղակայման վայրեր:
  2. Շտապ դադարեցնել գրավված գյուղերն ադրբեջանցիներով բնակեցումը:
  3. Շահումյանի շրջանից դուրս բերել ադրբեջանական ՕՄՕՆ-ը, որն ահաբեկչության է ենթարկում բնակչությանը:
  4. Կոնֆլիկտին չմասնակցած Ներքին զորքերի մաս կազմող ուժերի միջոցով տեղադրել բաժանիչ պահակետեր հայկական ու ադրբեջանական բնակավայրերի միջև:
  5. Երաշխիքներ տալ տեղահանվածների՝ գյուղեր վերդառնալու համար:

Նշվում է, որ հայերի ինքնապաշտպանության ուժերը պատրաստ են հրաժարվել իրենց գործողություններից վերոնշյալ կետերի իրականցման համար: Արտակարգ իրավիճակի հանրապետական շտաբի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Շահումյանի շրջանում հուլիսի 15-31-ը հայկական գյուղերի վրա հարձակման ընթացքում զոհվել է՝ 32, վիրավորվել 15-20 զինծառայող ու ՕՄՕՆ-ի զինվոր: Ինքնապաշտպանության ուժերը խոցել են 3 զրահափոխադրիչ մեքենա և մեկ ուղղաթիռ (Մի-24): Հայկական կողմից սպանվել է՝ 5, վիրավորվել 8 մարդ:

Օգոստոսի 6-ին Վերիշեն գյուղի մոտակա տարածքների դիտարկման ժամանակ՝ անկախ դիտորդների խումբը գնդակոծության ենթարվեց: Խմբի մեջ էին մտնում ԽՍՀՄ ԳԽ ժողովրդական պատգամավոր Վ.Կոմչատովը, «Ժողովրդավարական Ռուսաստան» շարժման կոորդինացման խորհրդի անդամ Լ.Շիմաևը, «Վահան» միության ներկայացուցիչ Վ.Երշովը և արտասահմանյան լրագրողներ:

Օգոստոսի 7-ին Վ.Կոմչատովը, Լ.Շիմաևը և Վ.Երշովը հաղորդագրություն ուղարկեցին Լուկյանովին, Յանաևին, Պավլովին, Յազովին, Պուգոյին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Մութալիբովին և նրա տեղակալ՝ Կարաևին: Հաղորդագրության մեջ ասվում էր՝ «Կիրովի անվան գյուղտնտեսությունում հացահատիկային մշակման անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրում եմ Ձեր ենթակայության տակ գտնվող կառուցվածքներին քաղաքացիական բնակչության վրա կրակոցները շտապ դադարեցնելու հրաման տալ»: Հաղորդվում էր նաև, որ օգոստոսի 8-ին աշխատողների հետ դաշտ դուրս կգան նաև հաղորդագրության հեղինակները:

Օգոստոսի 11-ին 4 օր հարաբերական հանգստից հետո ռազմական ուժերը վերսկսեցին Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի հրետակոծությունը: Ուղղաթիռներով կատարվում են գյուղի դիտարկումներ: Վիրավորվել է գյուղի մեկ բնակիչ: Օգոստոսի 19-ին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն, վկայակոչելով Յանաևին, Յազովին, Կրիուչկովին և Պուգոյին, 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի հրամանատար Բուդեյկինին հրամայեց հրթիռային հարված հասցնել Վերինշենի վրա և վտարել գյուղի  բնակիչներին: Հրաձգությանը մասնակցել են տանկեր և մարտական ​​ ՄԻ -24 ուղղաթիռներ: Գյուղը փաստորեն կտրված էր արտաքին աշխարհից: Օգոստոսի 20-ին Վերինշենը գնդակոծվել է ուղղաթիռներից, հետևակային մարտական ​​մեքենաներից և «Ալազանի» հրթիռներից, որի հետևանքով մի կին մահացել է վնասվածքների հետևանքով:

Օգոստոսի 21-ին գյուղը ենթարկվեց 122 մմ հաուբիցով հրետակոծության, արձակվել էր 50 արկ:  Վիրավորներից չորսը ծանր վիճակում են, մեկ մարդ զոհվել է ուղղաթիռից կրակոցների հետևանքով: Վերջին մի քանի օրվա ընթացքում գյուղում ավերվել և այրվել էր 18 տուն: Վերինշենի հրետակոծումը վերսկսվեց օգոստոսի 22-ին. օգտագործվել է մոտ 70 արկ: Սպանվեց ևս մեկ մարդ: Օգոստոսի 23-ին գյուղի վրա հարձակումներ եղան ՆՈՒՐՍԱ ուղղաթիռների միջոցով: Կային վիրավորներ և ավերածություններ: Հրետակոծումը վերսկսվեց երեկոյան:

Հրադադարի ռեժիմը վերսկսվեց օգոստոսի 24-ի առավոտյան: Նույն օրը ժամանեցին նոր դիտորդներ Մոսկվայից՝ Զինվորների մայրերի կոմիտեի ներկայացուցիչ Ա. Չեչինը և ծովակալ Թիմուր Գայդարը: ԽՍՀՄ Պաշտպանության նախարարությունից հաղորդվեց, որ պաշտպանության նոր նախարար Է. Շապոշնիկովը հրամայել է զորքերին լքել շրջանը:

Օգոստոսի 25-ին, մի խումբ ռազմական դիտորդներ, այդ թվում ՝ հարավային ուղղության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ն.Ա.Բատարչուկը, ժամանեցին դեպքի վայր՝ հրամանի կատարումը ստուգելու համար:  Նույն օրը Վերիշեն գյուղի շինությունների զննման ժամանակ խումբը կրակոցների ենթարկվեց 23-րդ դիվիզիայի ու ՕՄՕՆ-ի դիրքերից: Պաշտպանության նախարարի անձնական ներկայացուցիչն հայտարարեց, որ ինքն անձամբ է զեկուցելու Է.Շապոշնիկովին՝ տարածաշրջանում իրավիճակի մասին:

Օգոստոսի 26-ին, ժամը 16:00-ին 4-րդ բանակի 23-րդ դիվիզիան և ՕՄՕՆ-ի զորքերը սկսեցին հրետակոծվել Շահումյանի շրջանի Կարաչինար հայկական գյուղը: Կարաչինարի հրետակոծումը տևեց ամբողջ գիշեր: Կային վիրավորներ: Օգոստոսի 27-ին, ժամը 11:00-ին, Կարաչինարի գնդակոծումը վերսկսվեց գնդացիրների ու «Ալազանի» հրթիռների օգտագործմամբ: Ժամը 15:00-ից գյուղին սկսեց հարվածել նաև հրետանին:  Այրվեցին ֆերմա և բնակելի շենքեր, ինչպես նաև հարևան հայկական Մանսեն գյուղի տները: Միաժամանակ, բանակը շարունակում էր գնդակոծել երկու ամիս պաշարման տակ գտնվող Վերիշենը: Հայ պարտիզանները պատասխան գործողություններ են ձեռնարկել՝ գնդակոծելով Կարաչինարի հարակից ադրբեջանական Զեյվա գյուղը: Արդյունքում ոչնչացվել է հինգ տուն, այրվել է մեկ բեռնատար ավտոմեքենա: Ոչնչացվեց Ադրբեջանի Շաֆագ գյուղի կոլտնտեսության ֆերմայի ղեկավարի տունը:

Օգոստոսի 28-ին Կարաչինար գյուղի հրետակոծության ժամանակ ոչնչացվել էր 15 տուն: Վիրավորվել էր 7 մարդ, որից երեքը՝ ծանր, երկու մարդ զոհվեց (Է. Բարսեղյան և Գ. Գրիգորյան): Գյուղի վրա հարձակումն իրականացրել է ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներից մեկը, որին մինչ այդ փոխանցվել էր 23-րդ դիվիզիայի 4 զրահատեխնիկա: Օգոստոսի 29-ին ԽՍՀՄ զինված ուժերի հատուկ հանձնաժողովի անդամները ժամանեցին Շահումյանի շրջան:

Ժամը 17.00-ին հանձնաժողովը, որը բաժանվեց երկու մասի, այցելություն է կատարում պատերազմող կողմերի դիրքերը:

Օգոստոսի 30-31-ին հանձնաժողովի ջանքերով հաջողվեց բանակցել Շահումյանի հայկական ղեկավարության և ադրբեջանական Կասում-Իսմայլովսկու (Գերանբոյ) ղեկավարության միջև: Խոսել էին դաշտային աշխատանքների մասին:

Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հետախուզության տվյալներով, սեպտեմբերի մեկին դիտվում էր ՕՄՕՆ-ի զրահափոխադրիչ մեքենաների զորաշարժ ու ռազմական ուղղաթիռներով անձնակազմի փոխադրում Կարաչինար գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական դիրքեր:

Սեպտեմբերի 2-ին նորից կրակահերթի տակ էր հայտնվել Վերինշեն գյուղը, որով խախտվեց ավելի վաղ հաստատված համաձայնությունը: Մարզում գտնվող հանձնաժողովի անդամները ոտքով հայկական Կարաչինար գյուղի միջով անցան հարևան ադրբեջանական Շաֆագ գյուղ՝ խնդրելու հանձնաժողովի կազմում ընդգրկված Գլխավոր շտաբի երեք գեներալներին ՝ նպաստել համաձայնագրի կատարմանը: Հայկական կողմը բանակցությունների համար հեռախոսագիծը ձգել էր մինչև հսկիչ տեղամաս: Ադրբեջանցիներն իրենց կողմից հեռախոսագիծ չանցկացրին՝ խախտելով պայմանավորվածությունները:

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավորների և ԼՂԻՄ մարզային խոհրդի համատեղ նիստ, որի ընթացքում «Միութենական հանրապետության ԽՍՀՄ-ից դուրս գալու խնդիրների լուծման կարգի մասին» ԽՍՀՄ Օրենքի 3-րդ հոդվածի հիման վրա հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանի կազմով: Այս որոշմանը հետևել է ԱդրԽՍՀ ԳԽ 1918-20 թվականների (երբ ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության կազմում չէր) ադրբեջանական պետականության վերականգման հռչակումը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, որոշում կայացվեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացնել հանրաքվե՝ ԼՂՀ անկախության հարցով:

Սեպտեմբերի 7-ին հրթիռակոծվեց Վերիշենը՝ երեք հրթիռներով, քանդվեց մեկ տուն:

Սեպտեմբերի 9-ին չորս ժամ կրակահերթի ենթարկվեց Վերիշեն գյուղը:

Սեպտեմբերի 12-ին ավելի քան երկու ամիս պաշարման տակ գտնվող գյուղի վրա երկու Ալազան հրթիռ գործարկվեցին:

Սեպտեմբերի 14-30-ը Շահումյանի շրջանի տարածքում տեղի ունեցան ռազմական գործողություններ՝ զրահատեխնիկայի, հաուբիցի և հրթիռների օգտագործմամբ: Մարտերի ընթացքում զոհվեց՝ 20, վիրավորվեց մի քանի տասնյակ մարդ:  Հայկական ինքնապաշտպանության խմբերի առաջ դրված էր նպատակ՝ ապաշրջափակել Վերիշեն գյուղը և հնարավորություն տալ բնակիչներին հավաքել բերքը, դուրս մղել ադրբեջանական ՕՄՕՆ-ին Մանաշիդ, Էրքեջ և Բուզլուխ գյուղերից, որոնց բնակչությունը վտարվել էր ՕՄՕՆ-ի ու 4-րդ բանակի կողմից՝ նույն թվականի հուլիսին:

Իր հերթին, Ադրբեջանի ղեկավարությունը, կենտրոնացնելով զգալի թվով ՕՄՕՆ-ի զորքեր և ռազմական տեխնիկա շրջակա ադրբեջանական գյուղերում, նախատեսել էր ուժեղ հարված հասցնել տարածաշրջանում գործող պարտիզանական շարժմանը, ամրանալ հայկական գրավված գյուղերում, դրանով իսկ ստեղծելով երաշխիքներ այդ գյուղերի ադրբեջանցիներով վերաբնակեցման համար, ընդլայնել և ամրապնդել հետագա գործողությունների ռազմահենադաշտը, որոնք ուղղված էին շրջանի տարածքից տեղի հայ բնակչության աստիճանաբար դուրս մղմանը:

17 հազարանոց հայ բնակչությամբ շրջանում, միայն ադրբեջանական Զեյվա և Շաֆագ գյուղերում, որոնք տեղակայված են հայկական Կարաչինարի գյուղի մերձակայքում, կենտրոնացած էին շուրջ ՕՄՕՆ-ի 600 զինվորներ, 5 հաուբից, 2 զրահամեքենա և մի քանի «Ալազան» հրթիռներ, ադրբեջանական Տոդան գյուղում՝ ՕՄՕՆ-ի 600 զինվոր, 2 հաուբից, 15-17 զրահամեքենա և մոտ 10 «Ալազան» հրթիռներ: Բուզլուխ գյուղի պաշտպանությունը վստահվել էր ՕՄՕՆ-ի 200 զինվորներին և հանրապետական ​​ՊԱԿ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներին, որոնք տեղակայված էին հարևան ադրբեջանական Բաշկիշլակ գյուղում:

Սեպտեմբերի 14-ին հայ պարտիզանները, նվազագույն կորուստներով, ՕՄՕՆ-ի զորքերին դուրս բերեցին Վերիշեն գյուղի մերձակայքում գտնվող հրամանատարական բարձունքներից՝ նույն օրը ազատագրելով նաև Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը: Միաժամանակ պարտիզանների ձեռքն ընկան մի քանի բեռնատար ավտոմեքենա և զրահամեքենա, հաուբիցներ ու ականանետեր:

Սեպտեմբերի 16-ին ՕՄՕՆ-ի զորքերը Կարաչինար գյուղը կրակահերթի ենթարկեցին Շաֆագ գյուղի ուղղությունից: Հրետակոծումը սկսվել էր առավոտյան 8-ից և շարունակվեց երկու ժամ:

Սեպտեմբերի 17-18-ի լույս 20-ի գիշերը ՕՄՕՆ-ի զորքերը կրկին հայկական Մանաշիդ գյուղը գրավելու անհաջող փորձ կատարեցին: Կարճ ժամանակ գյուղը գրաված պահելուց, բայց հետո նահանջելուց առաջ ադրբեջանական զորքերը տների մեծ մասն այրեցին:

Սեպտեմբերի 18-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ՕՄՕՆ-ի զորքերը դուրս վռնդվեցին Էրքեջ գյուղից: Այդ թվում հայկական կողմից վիրավորվեց 7 մարդ: Մարտեր տեղի էին ունենում նաև հայկական Կարաչինար, Գաղթուտ և Նորշեն գյուղերի շրջակայքում: Կարաչինարում հրթիռակոծության ու հրետակոծության հետևանքով ոչնչացվեց 10 տուն: Սպանվեցին Կարաչինար գյուղի 68-ամյա բնակիչ Գարեգին Հովանյանը և 40-ամյա Վալերի Համբարյանը: Սեպտեմբերի 19-ին կրակահերթերը շարունակվեցին Կարաչինարում և Բուզլուկում: Հրաձգության ընթացքում ՕՄՕՆ-ի զորքերն օգտագործել են ծանր հրետանի (հաուբից): Տեղի հայ բնակիչների շրջանում տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել 7 մարդ:

Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան վերսկսվել են ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար և Մանաշիդ հայկական գյուղերի հրետակոծությունները: Հրաձգությունը դադարեցվեց ժամը 19: 00-ի սահմաններում: Մահացավ Սարգիս Խիթարյանը:

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20:00-ին ինտենսիվ հրետանային և հրթիռային գրոհ սկսվեց հայկական Կարաչինար գյուղի ուղղությամբ: Հրթիռակոծմանն օգտագործվել է 3 զրահամեքենա, որոնք ուղղակի կրակ են արձակել գյուղի ուղղությամբ: Հրետակոծումները շարունակվել են մինչև ուշ գիշեր և վերսկսվել են սեպտեմբերի 30-ին, ժամը 8:00-ին: Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը գյուղի ուղղությամբ օգտագործվել է 250 հատ հաուբից:

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի Շաֆագ գյուղում կալանավորվեց ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր Վ.Լինկովան, որը մինչ այդ մասնակցել էր պատանդների փոխանակման բանակցություններին:

1991-ի հոկտեմբեր

Մարտական ​​գործողությունները շարունակվեցին հիմնականում Շահումյանի շրջանի արևելքում գտնվող Կարաչինար գյուղում (գյուղը գտնվում է ծայրամասում՝ միացնելով հարևան Մարտակերտ շրջանի հետ), շրջանի ցածրադիր մասում:

Հոկտեմբերի 2-3-ը գյուղի հրետակոծման հետևանքով զոհվեց 4 մարդ, տասից ավելին վիրավորվեցին (nրանց թվում էր`«Նոր ժամանակ» ամսագրի թղթակից, մարդու իրավունքների հանձնաժողովի մոսկովյան «Մեմորիալի» անդամ Նիկոլայ Կալինկինը):

Հոկտեմբերի 3-4-ին Կարաչինար գյուղի հրետակոծման արդյունքում զոհվեց երկու մարդ: Հրաձգությանը հաջորդած հարձակումը հետ մղվեց: Հոկտեմբերի 11-ին Կարաչինարի հրետակոծության արդյունքում զոհվեց երկու մարդ:

1991-ի հոկտեմբեր-դեկտեմբեր

Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ամբողջ ժամանակահատվածում հրետակոծությանև ադրբեջանական զորքերի հարձակումներին են ենթարկվել հայկական սահմանամերձ Կարաչինար, Նորշեն, Գաղթուտ (երեքն էլ տեղակայված են Մարտակերտ-Թալիշ-Շահումյանովսկ ռազմավարական կարևոր ճանապարհի վրա), Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը:

1991 թվականի դեկտեմբերի վերջին տաս օրերին հրետակոծության և գրոհների ինտենսիվությունը զգալիորեն աճեց: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Շահումյան շրջանի բնակչությունը մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախության հանրաքվեին, որն անցկացվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստի որոշմամբ, ինչպես նաև 1990թ. ապրիլի 3-ի «Միութենական հանրապետության ԽՍՀՄ-ից անջատվելու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի երրորդ հոդվածի հիմքով: Բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ էր անկախությանը: 1991 թվականի դեկտեմբերի 30-ին Շահումյանի շրջանի բնակչությունը մասնակցեց ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրություններին: Շրջանի ընտրված պատգամավորները մտան ԼՂՀ ԳԽ կազմի մեջ և արդյունքում, փաստացի մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նիստերի աշխատանքներին:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մի քանի հազար ադրբեջանցի գրոհայիններ՝ տանկերի, զրահատեխնիկայի և հետևակային մարտական ​​մեքենաների օգնությամբ, զանգվածային գրոհ են իրականացրել Մանաշիդ, Բուզլուխ, Էրքեջ, Կարաչինար ու Վերինշեն հայկական գյուղերի ուղղությամբ: Մարտը շարունակվեց հունվարի 1-ի առավոտյան և կեսօրին:

1992թ․ հունվարի 2-ին ադրբեջանական զինված կազմավորումները զրահատեխնիկայի աջակցությամբ գրավեցին ԼՂՀ Մարտակերտի ու Շահումյանի շրջանները իրար միացնող ճանապարհի մի հատված, բայց նույն օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Շահումյան-Մարտակերտ ճանապարհի վրա:

1992թ․ հունվարի 3-4-ին հրետակոծությունն ու մարտերը շարունակվել են ԼՂՀ Շահումյանի շրջանի հայկական սահմանամերձ գյուղերի մոտակայքերում:

Հունվարի 6-12-ը ռազմական գործողությունները շարունակվել են Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի տարածքներում: Երկու կողմից էլ կային սպանվածներ ու վիրավորներ:

Հունվարի 13-ին ադրբեջանական բանակը «Գրադ» հրթիռային արձակիչով հարվածեց Շահումյանովսկ շրջկենտրոնը:

Մարզկենտրոնում ավերվել ու վնասվել էին տասնյակ շենքեր, 5 մարդ զոհվել, իսկ 10-ը՝  վիրավորվել էին:

Հունվարի 15-31-ն ընկած ժամանակահատվածում հայկական բնակավայրերի հրետակոծումները, որի արդյունքում զոհեր և ավերածություններ եղան, շարունակվում էին ամեն օր: Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական ազգային բանակը փորձ էր անում գրավել սահմանամերձ գյուղերը: Զանգվածային տրանսպորտային միջոցների ու հրետանու օգտագործմամբ զանգվածային հարձակումներ տեղի են ունեցել հունվարի 16-ին, 25-ին ու 28-ին: Հարձակվողները կրել են կենդանի ուժի ու զրահատեխնիկայի ծանր կորուստներ: Հայկական կողմից նույնպես կային կորուստներ, այդ թվում ՝ կորուստներ էր կրել նաև խաղաղ բնակչությունը:

1992 թվականի փետրվար

Ամբողջ ամսվա ընթացքում շարունակվում էին բնակավայրերի հրետակոծություններն ու դիրքային ռազմական գործողությունները Ադրբեջանի հետ Շահումյանի շրջանի  սահմանի երկայնքով: Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս փորձեր էին ձեռնարկում հարձակվելու ինքնապաշտպանական ուժերի դիրքերի վրա՝ հայկական սահմանամերձ Կարաչինար, Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ գյուղերի մոտակայքում, բայց այդ բոլոր հարձակումները հետ էին մղվել:

1992 թվականի մարտ

Մարտի 3-ին, երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում, ՄԻ-26 ուղղաթիռը, որը ԼՂՀ Շահումյանի շրջանից դեպի Հայաստան էր տեղափոխում  ավելի քան 40 վիրավոր, կին և երեխա, ենթարկվեց հարձակման և գնդակոծվեց: Հարձակումը պատասխան գործողություններով հետ է մղվել Մի-24 բանակային ուղղաթիռը, որն ուղեկցում էր Մի-26-ին: Այնուամենայնիվ, վնասված ուղղաթիռը շտապ վայրէջք կատարեց լեռներում ՝ Սեյդլյար գյուղի մերձակայքում: Վթարի վայր ժամանած ՄԻ-24-ի և ՄԻ-8 ուղղաթիռի անձնակազմերը իրականացրել են փրկարարական աշխատանքներ և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ծանր վիճակում գտնվող շուրջ 30 ուղևոր տեղափոխվեց Հայաստան: Նախնական տվյալներով ՝ մահացավ վեց մարդ: Նույն օրը, դրանից մի քանի ժամ առաջ, Շահումյան-Երևան երթուղու վրա ևս մեկ հայկական ուղղաթիռ էր հարձակման ենթարկվել:

Մարտի 4-ին ճշտվեցին ադրբեջանական բանակի կողմից Ադրբեջանի Քելբաջարի շրջանի ուղղությամբ խոցված հայ ուղևորներով Մի-26 ուղղաթիռի մասին տեղեկատվությունը: Վթարի հետևանքով զոհվել էր 16 մարդ, վիրավորվել՝ 38 մարդ (այդ թվում ՝ անձնակազմի բոլոր հինգ անդամները ՝ ռուս զինվորական օդաչուները): Զոհված ուղևորների թվում կային կանայք, հիվանդներ և վիրավորներ, որոնք ուղղաթիռով դուրս էին բերվում ԼՂՀ Շահումյանի շրջանից: Հարձակումը հայկական ուղղաթիռի վրա տեղի էր ունեցել մարտի 3-ին:

Չնայած ռազմական փորձագետների ապացույցներին և այն եզրակացություններին, որ ուղղաթիռը խոցվել է, ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ ուղղաթիռի խոցման պատճառը եղել են բացառապես «սարերն ու մառախուղը»:

Մարտի 9-ին, Շահումյանի շրջանի տարածքում, Կարաչինարի հայկական գյուղը ենթարկվեց հրետակոծության Շեֆեք գյուղից: Ժամը 17:00-ի սահմաններում Շեֆեք գյուղում տեղակայված տանկերից 18 արկ է արձակվել:

Մարտի 10-ի առավոտյան վերսկսվեց Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի ինտենսիվ ռմբակոծումը: Գյուղի գիշերային գնդակոծման ժամանակ զոհվել էր երեք բնակիչ, կային վիրավորներ:

Մարտի 11-ի վաղ առավոտյան վերսկսվեց Շահումյան շրջկենտրոնի հրետակոծությունը: Մարտի 12-ի գիշերը և առավոտյան ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար հայկական գյուղը ենթարկվեց ծանր հրետակոծության: Հրետակոծությունն իրականացվում էր նույն շրջանի Շեֆեք և Զեյվա ադրբեջանական գյուղերի ուղղությունից: Հրետակոծության հետևանքով զոհվեց երեք մարդ, երկուսը ծանր վիրավորվեցին:

Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները, տանկերի և զրահատեխնիկայի աջակցությամբ, հարձակվեցին Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ և Կարաչինար հայկական գյուղերի վրա: Բոլոր գրոհները հետ մղվեցին: Հայկական կողմից սպանվեց մեկ մարդ (Ժիրայր Գյուլումյան): Կային վիրավորներ: Անցած գիշերն ինտենսիվ հրետակոծության էր ենթարկվել նաև շրջկենտրոնը՝ Շահումյանովսկ գյուղը: Նույն օրը Շեֆեք գյուղում տեղակայված ադրբեջանական դիրքերից գնդակոծվեց Խարփափուտ հայկական գյուղը:

Չնայած նախորդ օրը ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը, մարտի 20-ին, ժամը 13:00-ի դրությամբ գնդակոծվեցին Ասկերանի շրջանի Շոշ գյուղը, Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը և Շահումյանովսկ շրջկենտրոնը:

Մարտի 21-ի առավոտյան, խախտելով հրադադարի մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը, ադրբեջանական բանակը հրետակոծության է ենթարկել ԼՂՀ Շահումյանի շրջանի Խարխափուտ հայկական գյուղը: Մեկ գյուղացի սպանվեց, 8-ը ծանր վիրավորվեցին:

Մարտի 22-ի առավոտյան սկսվեց զանգվածային հրետանային և հրթիռային հարձակումը ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակավայրերի վրա: Օրվա ընթացքում հրետակոծվել են Կարաչինարի, Խարխապուտի և Մանաշիդի հայկական գյուղերը: Ադրբեջանական բանակի դիրքերը տեղակայված էին Շեֆեք, Զեյվա և Թոդան գյուղերում: Նույն օրը ՄԻ-24 ռազմական ուղղաթիռները (ԱՊՀ բանակի նույնականացման նշաններով) կրակոցներ են արձակել Կարաչինարի և Էրքեջի հայկական գյուղերի ուղղությամբ` մեծ տրամաչափի ինքնաձիգներից և չկառավարվող հրթիռներից: Վիրավորվել էր առնվազն ութ բնակիչ, ավերվել յոթ տուն: Ինքնապաշտպանական ստորաբաժանումների զինծառայողներին հանձնարարվել էր գնդակոծել ռազմական ուղղաթիռները:

Մարտի 25-ին Շահումյանի շրջանի տարածքում Կարաչինար հայկական գյուղը նույնպես ենթարկվեց հրետակոծման Շեֆեք գյուղի ուղղությունից:

Մարտի 26-ին, Շեֆեք, Զեյվա և Տոդան գյուղերում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերից գնդակոծվեցին Կարաչինար, Բուզլուխ, Խարխափուտ, Մանաշիդ, Էրքեջ և Շահումյանովսկ գյուղերը: Շրջկենտրոնում ավերվեց երեք տուն: Բնակիչների շրջանում կային վիրավորներ: Ընդհանուր առմամբ, Շահումյանովսկի վրա արձակվել էր է մոտ 80 արկ: Հրթիռակոծման արդյունքում ոչնչացվել և վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր: Շրջանի կենտրոնի բնակիչների թվում կային սպանվածներ և վիրավորներ:

1992թհունիսի 1-15

Հունիսի 1-ին ԼՂՀ Շահումյան շրջանում ադրբեջանական բանակը կրակ է բացել Կարաչինար, Բուզլուխ և Վերիշեն գյուղերի վրա։ Կարաչինարում գյուղացի է սպանվել: Վերիշեն գյուղում սպանվել են 66 և 58 տարեկան Շախյաններ ամուսինները, վիրավորվել է 7-ամյա մի աղջիկ: Բուզլուխ գյուղում վիրավորվել է տեղի մի բնակիչ:

Հունիսի 3-ին ԼՂՀ սահմանային բնակավայրերի հրետակոծումը շարունակվում էր: Ողջ գիշերվա ընթացքում՝ հունիսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում, ծանր զինատեսակներից և «Գրադի» կայանքներից ադրբեջանական կազմավորումները կրակ են բացել Շահումյանի շրջանի Կարաչինար հայկական գյուղի վրա: Զոհերի վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են:

Հունիսի 6-ի ամբողջ գիշերը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Կարաչինար հայկական գյուղը ենթարկվել է ծանր հրետակոծությունների նույն շրջանի Շեֆեք գյուղի մերձակայքում ադրբեջանական բանակի մարտական ​​հենակետերում տեղակայված տանկերից, «Գրադ» և «Ալազան» հրթիռներից: Հրետակոծության հետևանքով զոհվել են տեղի բնակիչներ Սամվել Քալաշյանը և Սպարտակ Սահակյանը, ևս երկու մարդ վիրավորվել են: Հունիսի 6-ի առավոտյան հրադադարի ռեժիմը վերսկսվել է: Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հրետակոծվել են Բուզլուխ և Կարաչինար գյուղերը:

Հունիսի 10-ի գիշերը և առավոտյան հարևան հայկական Կարաչինար գյուղը հրետակոծվել է ադրբեջանական Շեֆեք գյուղի ռազմակայանների ուղղությամբ:

Հունիսի 12-ի երեկոյան Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Ադրբեջանի Աղդամի շրջանից սկսեցին զանգվածային հարձակումները  ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների վրա: Հարձակմանը մասնակցում էր մի քանի հազար զինվոր, ավելի քան 100 զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, ներառյալ Т-72 տանկ, Մի -24 մարտական ​​ուղղաթիռ և Սու-25 գրոհային ինքնաթիռ: Ինչպես նշում է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի շտաբը, հարձակումն իրականացնող 4-րդ բանակի զինծառայողների թվում կային զգալի թվով վարձկաններ: Մասնավորապես, նրանք վերահսկում էին մարտական ​​ուղղաթիռները, հրետանային համակարգերը և այլ զրահատեխնիկա:

Հունիսի 13-ի առավոտյան ԼՂՀ Շահումյանի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերը ռմբակոծության ենթարկվեցին Սու-25 գրոհային ինքնաթիռներից: Կիրառվել են նաև թունավոր քիմիական նյութեր պարունակող ռումբեր: Ըստ ինքնապաշտպանական ուժերի տեղական շտաբի, տասնյակ մարդիկ, այդ թվում կանայք, երեխաներ և տարեցներ, հոսպիտալացվել են թունավորման նշաններով:

Հունիսի 13-ի կեսօրին գրոհ է սկսվել Շահումյանի շրջանի սահմանամերձ գյուղերի վրա, որում ներգրավված են եղել առնվազն 40 զրահատեխնիկա, այդ թվում ՝ 20 տանկ:

Ադրբեջանական բանակը ներխուժեց Բուզլուխ գյուղ, որտեղ, ըստ տեղական իշխանությունների, զոհվել և վիրավորվել էին տասնյակ քաղաքացիներ: Զբաղեցնելով դիրքեր Բուզլուխ գյուղի մոտակայքում՝ զրահապատ մեքենաները սկսեցին հրետակոծել հարևան Վերիշեն գյուղը, որտեղ ավելի քան հինգ հազար մարդ էր ապրում: Շահումյանովսկ շրջկենտրոնի հրետակոծությունը շարունակվում էր: Մարտակերտի շրջանի խորքերը մտած տանկերն ու զրահատեխնիկան շարունակում են գնդակոծել հայկական Չլդրան, Քոլատակ և Առաջաձոր գյուղերը: Գյուղերը հրետակոծվում են նաև «Գրադի» տեղակայանքներից և ծանր հրետանուց։ Նրանք բազմաթիվ սպանվածներ և վիրավորներ ունեին: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձում են կտրել ԼՂՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանները հանրապետության մնացած մասի հետ կապող ճանապարհները։ Սակայն բոլոր նման փորձերը սաստվել են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից:

Օրվա կեսին՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի ուղղությունից հարձակողական գործողություն են սկսել Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի վրա։ Ամբողջ օրվա ընթացքում Մարտունու և Հադրութի շրջկենտրոնների հրետակոծությունները չեն դադարել:

Հունիսի 14-ի առավոտյան ադրբեջանական զորքերը ամենամեծ արդյունքների հասել էին Շահումյանի շրջանում: Հայկական բնակավայրերի զանգվածային հրետակոծումից հետո, ադրբեջանական հետևակային զորքերը, որոնք ունեին 20 տանկ և ավելի քան 40 հետևակային մարտական ​​մեքենա ու զրահատեխնիկա, կարողացել են գրավել և այրել Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Հայ Բորիսներ, Խարխապուտ, Կարաչինար և ռուսաբնակ Ռուս Բորիսներ գյուղերը: Ըստ փախուստի դիմած տեղի բնակիչների ցուցմունքների՝ սպանվել  են տասնյակ մարդիկ՝ այդ թվում կանայք, ծերեր և երեխաներ: Ավելի քան հարյուր վիրավոր տեղափոխվել է Շահումյանովսկ: Ժամը 11-ի դրությամբ, շրջանի վերջին հայկական բնակավայրերը`Շահումյանովսկը, Վերինշենը և Գյուլիստանը, շրջապատվել և գնդակոծվել են «Գրադի» կայանքներից, տանկերից և հրետանային համակարգերից: Կրակահերթի տակ է հայտնվել ավելի քան 10 հազար մարդ է: Շահումյանի շրջանը ԼՂՀ-ի մնացած մասի հետ կապող Կարաչինար գյուղը և նրա մերձակայքը շրջափակելով՝ ադրբեջանցիներն անհնարին դարձրին տարհանել խաղաղ բնակչությանը: Իրավիճակը սրվում է հունիսի 13-ին, երբ Շահումյանովսկի և Վերինշենի ռմբակոծությունների ընթացքում թունավոր նյութերի օգտագործումից տուժած հարյուրավոր բնակիչների բուժօգնություն ցուցաբերելու համար բացակայում էր անհրաժեշտ դեղորայքը: Ուղղաթիռի օգտագործումը նույնպես վտանգավոր էր, քանի որ օդային տարածքը լիովին վերահսկվում էր Մի-24 մարտական ​​ուղղաթիռների կողմից: Մարտակերտի շրջանում, հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը և հունիսի 14-ի առավոտյան տեղի ունեցած ծանր մարտերի արդյունքում ադրբեջանական կազմավորումները ստիպված են եղել թողնել Չլդրան և Քոլատակ հայկական գյուղերի պաշարումը և լքել նախորդ օրն ավերված Կիչան գյուղը: Մարտերը շարունակվում էին Ադրբեջանի Աղդամի շրջանի հետ սահմանի երկայնքով և Սրխավենդ գյուղի մերձակայքում:

Հունիսի 14-ի առաջին կեսին, ադրբեջանական կողմը վերսկսեց հրթիռային և հրետանային ռմբակոծությունը սահմանամերձ Մարաղա, Կարմիրավան, Թալիշ գյուղերի ուղղությամբ (երկու մարդ զոհվեց, չորսը վիրավորվեցին):

Ասկերանի շրջանում, զգալի ջանքերի գնով, հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է հետ մղել ադրբեջանական հետևակային զորքերն ու զրահատեխնիկան: Հունիսի 12-ին գրավված Նախիջևանիկ, Փրջամալ, Արանզամին (Վարազաբուն), Աղբուլաղ և Դահրազ հայկական սահմանամերձ գյուղերի ազատագրման համար ընթանում էին մարտեր: Հայկական կողմից գիշերային մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 15 մարդ, 50-ը վիրավորվել են:

Հունիսի 14-ի առավոտյան, Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ, ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլլու հայկական գյուղը«Գրադի»  կրակի տակ է ընկել: Երկու մարդ զոհվեց:

199Հունիսի 15-ին ԼՂՀ-ի Շահումյանի շրջանում առանձնապես ծանր էր իրավիճակը։ Գրավվեցին շրջանի բոլոր 12 բնակավայրերը, ներառյալ Շահումյանովսկ շրջկենտրոնը և Վերինշեն գյուղը, որոնցից յուրաքանչյուրն ուներ 5000 բնակիչ: Քիմիական թունավոր նյութերի կիրառման հետևանքով զոհվել են բազմաթիվ քաղաքացիներ: Տասնյակ մարդիկ, որոնք չկարողացան փախչել, գնդակահարվել էին շրջկենտրոն ներխուժած ադրբեջանական կազմավորումների կողմից: Գնդակահարվածների թվում կային կանայք, երեխաներ և վիրավորներ:

Շրջանի հազարավոր բնակիչներ փախուստի են դիմել և թաքնվել Շահումյանի շրջանի անտառներում՝ փրկելով իրենց կյանքը: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ու Ռուսաստանի իրավազորության ներքո գտնվող ԱՊՀ զորքերի 4-րդ բանակի Գյանջայի 23-րդ դիվիզիան, հունիսի 16-ին ամբողջությամբ գրավեցին ԼՂՀ Շահումյանի շրջանը: Ինչպես ՀՀ Գերագույն խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, Պաշտպանության նախարարությունն ունի տվյալներ, ներառյալ ռադիոհաղորդումները, որոնք անվիճելիորեն ցույց են տալիս, որ Շահումյանի շրջանի գրավումը հնարավոր է դարձել Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումների և 23-րդ դիվիզիայի գործողությունների արդյունքում: Շահումյանի շրջանի մի քանի հազար բնակիչների ճակատագիրրերը, որոնք չեն հասցրել տարհանվել հարձակումների ժամանակ, մնացել են անհայտ: Բազմաթիվ բնակիչներ, ըստ փախստականների ցուցմունքների, մտել են անտառներ՝ փախչելով շրջանի գյուղեր մուտք գործած ադրբեջանցի զինվորներից: Նույն փախստականները նշում են մահապատժի փաստեր, երբ ադրբեջանական բանակի զինվորները գնդակահարում էին բնակիչներին, որոնք չէին հասցրել փախչել իրենց բնակավայրերից:

Շահումյանովսկ շրջկենտրոնի բնակիչ Սաթենիկ Պողոսյանի ցուցմունքի համաձայն` տանկերը գնդակոծել են շրջանային հիվանդանոցը, որտեղ հունիսի 14-ին ինքնաթիռներից նետել են քիմիական նյութեր պարունակող ռումբեր: Շահումյանի շրջանը գրավելուց հետո ադրբեջանական բանակի ու 23-րդ դիվիզիայի զրահատեխնիկան ու «Գրադ» կայանքը սկսեցին գնդակոծել Մարտակերտի շրջանի Թալիշ և Չայլու հայկական գյուղերը: Հրետակոծությունը շարունակվել է մինչև հունիսի 16-ի առավոտն ու կեսօրը՝ տալով տասնյակ զոհեր ու զգալի վնասներ:

Կեսօրից հետո ադրբեջանական բանակը, Գյանջայի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ, գրավեց ևս 4 հայկական գյուղ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ, Չայլու, Տոնաշեն և Մատաղիս գյուղերը: Փախստականների մեծ մասը, որոնք եկել էին Շահումյանի շրջանից, կենտրոնացած էր հենց այս գյուղերում: Ըստ ականատեսների՝ կային հարյուրավոր սպանվածներ և վիրավորներ:

Հունիսի 16-ի առավոտյան, Մոսկվայի հայ համայնքի և Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի (ՌՄՂԿ, ռուսերեն՝ КРИК) ներկայացուցիչները նստացույց են արել Ռուսաստանի արտգործնախարարության առաջ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ռուսաստանի ղեկավարության՝ Ադրբեջանին զգալի քանակությամբ տեխնիկայի և զենքի միակողմանի փոխանցման և ռազմական գործողություններին Ռուսաստանի իրավասության տակ գտնվող 4-րդ բանակի ստորաբաժանումների մասնակցության դեմ։  Կրիկի անդամ, Գիտությունների ակադեմիայի ընտրողների ակումբի քարտուղար Կիրիլ Ալեքսեևսկին, ավելի քան կես տարի լինելով դիտորդ ԼՂհ Շահումյանի շրջանում, ասում է․ «23-րդ դիվիզիայի մասնակցությունը Շահումյանի զավթմանն ապացուցվում է ռադիոհաղորդումներով և ականատեսների վկայությամբ։ Իսկ ԱՊՀ միացյալ զինված ուժերի մամուլի ծառայությունների կողմից դրա հերքումները նախատեսված էին միայն միամիտ մարդկանց համար, ովքեր շատ բան չգիտեն տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Օգոստոսյան պուտչի պարտությունից հետո, դիվիզիայի հրամանատարներից ոչ մեկը չպատժվեց, և նրա հրամանատար գնդապետ Բուդեյկինին նույնիսկ շնորհվեց գեներալ-մայորի կոչում: Այսօր 23-րդ դիվիզիան, գեներալ Բուդեյկինի գլխավորությամբ, կրկին ռազմական տեխնիկա է տրամադրում Ադրբեջանին՝ անձնակազմի հետ միասին: Այս անգամ այն աջակցում է Բաքվի ռեժիմին, որը ԼՂՀ բնիկ բնակչության շրջանում իրականացրել է ցեղասպանության քաղաքականություն: Տարօրինակ է, որ ԱՊՀ զորքերի հրամանատարությունն ու Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ ԱԳՆ, ձևացնում են, թե ոչինչ չի եղել»:

Ժամը 15:00-ին ՀՀ մշտական ​​ներկայացուցչության շենքում (Մոսկվա) տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմաններին տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Ասուլիսին մասնակցում էին Ռուսաստանում ՀՀ դեսպան Ֆելիքս Մամիկոնյանը, Հայաստանի նախագահի խորհրդական, Արցախի հետ հատուկ տնտեսական հարաբերությունների պետական ​​կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը և Հայաստանի զինված ուժերի Նախագահության անդամ Խոսրով Հարությունյանը:

Խոսելով ադրբեջանական բանակի ԼՂՀ տարածք ներխուժման մասին, ինչը ձեռնարկվել էր հունիսի 12-ին միանգամից մի քանի ուղղություններով՝ Ֆ.Մամիկոնյանը նշել է, որ «հարձակումը իրականացվել է հիմնականում ռուսական բանակի 23-րդ և 295-րդ (Բաքու) դիվիզիաների ուժերի կողմից»: Վերջիններիս շարքում մեծ թիվ են կազմում սլավոնները, որոնցից կազմավորվում են նաև տանկերի և զրահատեխնիկայի անձնակազմի մեծ մասը: Հարձակման մեջ ներգրավված էր շուրջ 280 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում`110 T-72 և T-65 տանկ: Անցած չորս օրվա ընթացքում «Գրադի» կայանքներից ավելի քան 4000 հրթիռ է արձակվել հայկական գյուղերի ուղղությամբ: 22 հայկական բնակավայրեր գրավվեցին և այրվեցին. շուրջ 20 000 մարդ անօթեւան և տեղահանված է, ևս 3000-ի (հիմնականում Շահումյանի շրջանի բնակիչներ) ճակատագիրը դեռ անհայտ է: Շահումյանի շրջանի ավելի քան 15 հազար մարդ ամբողջությամբ արտաքսվել է: «Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի համաժողովի նախօրեին Ադրբեջանի ներխուժումը հստակ ցույց է տալիս, – ասաց Մամիկոնյանը, – որ Ադրբեջանը ձգտում է Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով և տեղահանել կամ ոչնչացնել ամբողջ տեղական հայ բնակչությանը»: Ֆ.Մամիկոնյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը լրջորեն մտահոգված է Հայաստանի հարավային սահմաններում` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում և Ադրբեջանի Զանգելանի շրջանում, ադրբեջանական հետևակի և զրահատեխնիկայի (մինչև 70 միավոր) կուտակումներով: Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական փորձագետների կարծիքով, նախապատրաստվում է Հայաստանի Կապանի և Մեղրու տարածքով ադրբեջանական բանակի առաջխաղացում`Հայաստանի տարածքի մի մասը կտրելու և Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջանցք ստեղծելու համար:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդրին՝ Ֆ.Մամիկոնյանը քննադատեց ԱՊՀ անդամ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի վարած «երկակի ստանդարտների» քաղաքականությունը: Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, որ հիմնականում Ռուսաստանի և Հայաստանի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին վերջին զինված բախման վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած դիրքորոշման պատճառով, Հայաստանը համաշխարհային հանրության աչքի առաջ ներկայացվեց որպես ագրեսոր: Միայն տարածաշրջանում անկախ դիտորդների ժամանումը, ներառյալ ԵԱՀԽ-ից, թույլ տվեց հետագայում որակել Հայաստանի հարավում տեղի ունեցածը՝ որպես Ադրբեջանի կողմից սադրանք: Հիմա, Ղարաբաղի վրա ադրբեջանական զորքերի բաց զանգվածային հարձակման ժամանակ, որն ըստ  ադրբեջանցիների, ձեռնարկվել է, «կանխարգելիչ նպատակներով», և որն արդեն հանգեցրել է հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան և ավերածությունների տարածաշրջանում, Ռուսաստանի արտգործնախարարությունը չի գտել ավելի լավ բան, քան ևս մեկ անգամ կողմերին խորհուրդ տալ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը և ԱՊՀ անդամ մյուս երկրները, որոնք ստորագրել են «Հավաքական անվտանգության պայմանագիրը», որոշակի պարտավորություններ ունեն Հայաստանի առաջ: Հարյուրավոր խաղաղ բնակիչներ սպանվել ու վիրավորվել են հունիսի 16-ին՝ Մարտակերտի շրջանի հյուսիսային մասում գտնվող Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն և Չայլու հայկական գյուղերի վրա գրոհի ժամանակ: Այս գյուղերում հարձակման պահին կային մոտ տասը հազար փախստականներ՝ հայեր Շահումյանի շրջանից: Հազարավոր մարդիկ դիմել են փախուստի: Տեղական ինքնապաշտպանական ջոկատը թաքնվել էր շրջակա անտառներում և, ինչպես Ստեփանակերտից հայտնում են, անցել է պարտիզանական մարտավարության, որպեսզի թույլ չտան թշնամու զորքերին հենակետ ձեռք բերել իրենց գրաված գյուղերում:

Հունիսի 16-ի երեկոյան, հայերին հաջողվեց հետ գրավել Չայլու գյուղի մի մասը: Ադրբեջանական հետեւակը մեծ կորուստներ ունեցավ: Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, հակագրոհների արդյունքում, հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ոչնչացնել Սրխավենդ գյուղը նախկինում շրջապատված ադրբեջանական զորքերի խումբը և վերադարձնել Սրխավենդ ու Ղազանչի գյուղերը:

Հունիսի 17-ի առավոտյան, ադրբեջանական կազմավորումները ստիպված էին նահանջել Մարտակերտի շրջանից դուրս: Հունիսի 18-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում էր արտակարգ դրություն, որը մտցվել էր ԼՂՀ ԳԽ նախագահության և կառավարության համատեղ որոշմամբ: Այս միջոցառումը պայմանավորված էր ադրբեջանական կողմից շարունակական հարձակումներով:

Ադրբեջանական բանակին հաջողվել է գրավել Մարտակերտի շրջանում գտնվող ԼՂՀ ամենամեծ գյուղական բնակավայրերից մեկը`Լենինավան ավանն ու Մարաղա գյուղը:

Հունիսի 19-ի գիշերը և առավոտյան մարտերը շարունակվել են Հասանգայա և Լևոնարխ գյուղերի մոտակայքում: Դադարեցվել է ադրբեջանական կողմի զրահատեխնիկայի հարձակումը Մարտակերտի վրա (Ստեփանակերտից և Շուշիից հետո ամենամեծ քաղաքը Լեռնային Ղարաբաղում): Քաղաքի դեմ առաջին գրոհները հետ մղվելուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Լենինավանից դեպի Մարտակերտ տանող ճանապարհի տարածքում, հարձակվողները չեն համարձակվում նոր գրոհներ ձեռնարկել: Ադրբեջանական կողմի հարձակման, Շահումյանի շրջանի և Մարտակերտի և Ասկերանի շրջանների գյուղերի գրավման արդյունքում փախստական ​​դարձած բնակիչների թիվն արդեն անցել է 30 հազարը: Գրավված հայկական բնակավայրերի բազմաթիվ բնակիչների ճակատագիրը դեռ անհայտ է:

Հունիսի 22-ին Մարտակերտի շրջանի տարածքում գիշերը և առավոտյան շարունակվում էին կատաղի մարտերը հայկական ինքնապաշտպանական ուժերի և Ադրբեջանի ազգային բանակի թվով ու սպառազինությամբ գերազանցող ստորաբաժանումների միջև: Առավոտյան ադրբեջանական զորքերը ստիպված էին թողնել շրջանի հյուսիսային մասում մի շարք առանցքային դիրքեր: Գիշերը և առավոտյան ադրբեջանական Փափրավանդ գյուղից Մարտակերտի ուղղությամբ հրետակոծվել է «Գրադ» կայանքներից: Բնակիչների շրջանում կային վիրավորներ, վնասվեցին բազմաթիվ բնակելի շենքեր, նույն գիշեր Ասկերանի շրջանի հայկական գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերը հրետակոծվել էին ծանր հրետանային և «Գրադ»  կայանքներից:

Հունիսի 23-ի օրվա երկրորդ կեսին,Ադրբեջանը նոր լայնամասշտաբ գրոհ ձեռնարկեց ԼՂՀ-ի վրա՝ Մարտակերտ քաղաքը միաժամանակ գրոհելով երեք ուղղություններով: Շրջկենտրոնի գրոհին մասնակցել են ավելի քան 50 տանկ, նախկին ԱՊՀ միացյալ զինված ուժերի մի քանի տասնյակ զրահամեքենաներ, Մի-24 մարտական վեց ​​ուղղաթիռներ և Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ: Մարտերը Մարտակերտի մատույցներում շարունակվեցին մինչև հաջորդ առավոտ: Մեծ դժվարությամբ հայկական ինքնապաշտպանական ստորաբաժանումներին հաջողվեց դադարեցնել հարձակումը: Մի քանի տասնյակ ռումբեր և չուղղորդվող հրթիռներ օդից նետվեցին հայկական դիրքերի և քաղաքային բլոկների վրա: Հայկական կողմից զոհվել է 13 մարդ, վիրավորվել 16-ը: Էական կորուստներ ունեցան նաեւ ադրբեջանցիները: Այրվել են մի քանի զրահամեքենաներ:

Հունիսի 25-ի գիշերը և առավոտյան, հայկական ինքնապաշտպանական ստորաբաժանումները շարունակում էին մարտերը Մարտակերտի շրջանի Լենինավան, Չայլու, Լևոնարխ, Հասանգայա հայկական գյուղերի մոտ: Դադարեցվել է նախօրեին մեկնարկած Ադրբեջանի ազգային բանակի՝ Մարտակերտի շրջկենտրոնի դեմ նոր լայնամասշտաբ հարձակումը: Ղարաբաղի ինքնապաշտպանական ջոկատների կողմից ոչնչացվեց զգալի թվով զրահատեխնիկա:

Հունիսի 26-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ջոկատները, հակահարձակողական գործողություններ սկսելով, ջախջախել են ադրբեջանական կազմավորումները ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի սահմանամերձ հայկական գյուղից: Ադրբեջանական կողմի կորուստները կազմել են ավելի քան 70 սպանված զինվոր ու սպա, 5 տանկ, 5 հետևակի մարտական ​​մեքենա, 3 ռազմական մեքենա այրվել է: Հայկական կողմից մահացավ մոտ 10 մարդ: Օրվա ընթացքում Մարտակերտի շրջկենտրոնի բնակելի թաղամասերը երկու անգամ ռմբակոծվեցին Սու-25 գրոհիչ ինքնաթիռից: Մի հոգի (Վահան Միքայելյան, ծնվ. 1941 թ.) սպանվեց, իսկ երկու մարդ վիրավորվեցին: Վնասվել էին զգալի թվով շենքեր: Ներկայումս ադրբեջանական բանակը զինված է մի քանի այդպիսի Սու-25 կործանիչով, սակայն, ըստ ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի, առաջիկայում Ադրբեջանը կունենա իր սեփական ռազմաօդային ուժերը, որոնք կազմավորվել են հանրապետությունում տեղակայված նախկին խորհրդային բանակի երկու օդային գնդերի հիմքի վրա: Տասնվեց ՄիԳ-25 ինքնաթիռներ և 82 Սու-24 կործանիչներ տեղափոխման փուլում են: Ակնհայտ է, որ Ադրբեջանում սեփական ռազմական օդաչուների և տեխնիկական անձնակազմի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերի ռմբակոծումը կիրականացվի հիմնականում ադրբեջանական բանակի կողմից պայմանագրային հիմունքներով վարձված ռուս ռազմական մասնագետների ձեռքով:

Հունիսի 27-ի գիշերը, Մարտակերտի շրջանի Հաթերք, Չափար և Գետավան հայկական գյուղերը ենթարկվել են զանգվածային հրետակոծման՝ Ադրբեջանի Քելբաջարի շրջանի «Գրադ» կայանքներից: Մահացել է Հաթերք գյուղի բնակիչ Մ.Գրիգորյանը, մի քանի մարդ վիրավորվել է:

1992 թհուլիս

Հուլիսի 9-ին Երևանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեց ադրբեջանցիների կողմից գրավված ԼՂՀ Շահումյանի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Շահեն Մեղրյանը: Նա ասաց, որ փոքր ինքնապաշտպանական ջոկատների պարտությունը և խաղաղ բնակչության արտաքսումը կանխորոշված ​​էր այն փաստով, որ հայերին հակադրվում էր ոչ միայն ադրբեջանական բանակը, այլև 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի կանոնավոր ստորաբաժանումները: Բացի այդ, հայկական գյուղերի նկատմամբ նրանց խիստ պրոֆեսիոնալ հարձակումներին աջակցում էին նույն 23-րդ դիվիզիայի երկու զրահատանկային գնդերը: Ցամաքային հարձակումներին նախորդել են օդային ռմբակոծությունները և զանգվածային հրետակոծումները: Ադրբեջանական կողմը նաև օգտագործել է քիմիական զենք: Շահումյանի շրջանային հիվանդանոցը լեփ-լեցուն էր վիրավորներով՝ մաշկի վնասվածքներով: Շ.Մեղրյանը նշեց, որ ադրբեջանական բանակի զինվորները ռազմական գործողությունների ընթացքին հետևում են անվտանգ տեղերից և մտնում հայկական գյուղեր միայն թալանելու և կոտորելու այն բնակիչներին, որոնք ժամանակ չունեին լքել իրենց տները:

***

Ադրբեջանական բանակի կողմից Շահումյանի գրավումից ի վեր, շրջանի տարածքում սկսվեց պարտիզանական շարժում, որը չդադարեց օկուպացիայի ողջ ընթացքում, և ժամանակավորապես դադարեցվեց միայն հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Ինքնապաշտպանական ուժերը բազմաթիվ հարձակումներ են գործել ադրբեջանական զորքերի կայազորների վրա: 1992 թվականի նոյեմբերին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի մարտական ​​զեկույցներից. «…նոյեմբերի 9-ին ղարաբաղյան կողմի զինված ուժերը հարձակվել և ոչնչացրել են Ադրբեջանի կայազորը ԼՂՀ Շահումյանի շրջանի Վերինշեն հայկական գյուղում: Հարձակման ընթացքում զոհվել է 27 ադրբեջանցի զինվոր: Ներկայումս գյուղը վերահսկվում է պարտիզանների կողմից: Շահումյանի շրջանում պարտիզանական շարժումը առաջացավ գրեթե անմիջապես այս տարվա հունիսին՝ ադրբեջանական բանակի կողմից նրա գրավումից և տեղի հայ բնակչության տեղահանությունից հետո: Պարտիզանները, որոնց մեծ մասը տեղի բնակիչներ են, իրենց հենակետերը հիմնել են ԼՂՀ հյուսիսային շրջանի անտառապատ և անմատչելի լեռնային մասերում: Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածի հետ կապի միակ ձևը ուղղաթիռն է: Ադրբեջանական բանակի առանձին խմբերի պարբերաբար հարձակումները հետապնդում են Շահումյանի շրջանի տարածքում Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը «զարգացնելու» և այն ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակ»:

Ռուսերենից թարգմանեց Ալյոնա Հայրապետյանը
Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close