ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏնտեսական

Մեկ օր գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ

artsakhnow.am-ը սկսում է նոր շարք՝  «Մեկ օր նախարարի հետ»: Այս շարքի շրջանակներում մենք մեկ աշխատանքային օր կլինենք որևէ նախարարությունում՝ լուսաբանելու նախարարի առօրյան, նրան ուղղելու ոլորտի վերաբերյալ մեզ հուզող հարցերը: Առաջինը սկսում ենք ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանին մենք հանդիպում ենք առավոտյան 10:00-ին՝ նախարարության դիմաց: Բարևելուց հետո առանձին մեքենաներով ճանապարհվում ենք նախ հանրապետության նախագահի նստավայր՝ չնախատեսված հանդիպման: Հանդիպումն ավարտվում է մոտ կես ժամից: Որից հետո մենք ճանապարհվում ենք Ստեփանակերտից դեպի Մարտունու շրջան:

Մենք գնում ենք առանձին մեքենայով նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Միրզոյանի հետ: Նա իր հումորներով փորձում էր կրճատել (թե երկարացնել) ճանապարհը:

Առաջին կանգառը Մարտունու գինու գործարանում է: Այստեղ ականատես ենք լինում խաղողի մթերման գործընթացին:

Նախարար Ա.Բախշիյանն ու նախարարի տեղակալ Վ.Ավետիսյանը զրուցում են Մարտունու գինու գործարանի պատասխանատուների հետ

Գործարանում նախարարին միանում է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը: Նախարարի այցի մասին վարչակազմի ղեկավարը,  գործարանի աշխատողները տեղեկացված չէին:

Հաջորդիվ ճանապարհվում ենք «Մասիս տոբակո» ընկերության Մարտունու տեղամաս: Աշխատողները բողոքում են ցածր աշխատավարձերից, ինչից վարչակազմի ղեկավարը զարմացած ու մի քիչ տարակուսած նայում է նախարարին: Նախարարը զանգում է «Մասիս տոբակո»-ի գործադիր տնօրենին՝ աշխատավարձերի բարձրացման խնդրանքով:

«Մասիս Տոբակո» ընկերության Մարտունու տեղամասում

«Մասիս տոբակո»-ից մենք ուղղվում ենք Խնուշինակ գյուղի այգիներ, որտեղ աճեցվում են մի շարք բերքատու ծառատեսակներ: Նախարարի հետ քննարկվում են այգիների ոռոգման հարցը:

Հաջորդը Խնուշինակի խաղողայգին է, որտեղ ընթանում էին խաղողաքաղի աշխատանքներ: Աշխատող գյուղացիները հոգնած էին ու երբեմն փորձում էին խուսափել տեսախցիկից:

Արարատ Մելքումյանը բոլորին հյուրասիրում է խաղողի տարբեր տեսակներով: Գյուղացիներից մեկը նախարարին տեղեկացնում է, որ մոտակայքում փչացած ջրհոր կա, իսկ խաղողայգին ոռոգման կարիք ունի: Ըստ նախարարի տեղեկացման, շուտով արտեզյան ջրհոր է հորատվելու մոտակայքում, ինչով ջրի խնդիրը լուծվելու է: Նախարարը փորձում է մեզ խաղող հյուրասիրել, խաղողը վերցնելու փոխարեն մենք գործի ենք դնում լուսանկարչական սարքը եւ արդյունքում ունենում ենք այս նյութի գլխավոր լուսանկարը (տե՛ս նյութի սկիզբը):

Արարատ Մելքումյանը խաղող է հյուրասիրում

 

Խնուշինակի խաղողայգուց ճանապարհվում ենք Ամարասի հովտի խաղողայգի, որտեղ խաղողաքաղից հետո ճաշի ժամ էր: Գյուղացիներին ենք միանում նաև մենք՝ վերջիններիս հրավերով: Կանանցից մեկը, ով մեզ անընդհատ ուտելիքներ էր հյուրասիրում, հարցրեց.

-Տուք քաղաքիցը՞ք:

-Հա:

-Սրանք է՞լ [ցույց է տալիս նախարարի ու նրա հետ եկած մարդկանց կողմը]:

-Հա, ինքը գյուղատնտեսության նախարարն ա:

-Պո՛, վերնա՞:

Ցույց ենք տալիս նախարարի կողմը:

խաղողաքաղի ընդմիջում Ամարասի հովտում

Քաղաքացիներն այստեղ նույնպես բողոքում են ոռոգման բացակայությունից: Նախարարի հավաստիացմամբ եկող տարի այլևս ոռոգման խնդիրներ չեն լինելու:

Ամարասի հովտից հետո հաջորդ ու վերջին այցը Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանն է: Բայց մինչև գործարանն այցելելը, մենք գնում ենք Կատարոյի խաղողայգին, որտեղ հանդիպում ենք գործարանի հիմնադիր Գրիգորի Ավետսիյանի և գործարանի մարքեթոլոգ Կարինե Զաքարյանի հետ: Ծանոթանում ենք տեղում աճեցվող խաղողի տեսակներին ու գինու պատրաստման որոշ նրբությունների:

Կատարոյի այգիներում

Գործարանում ծանոթանում ենք գինու պատրաստման ամբողջ ընթացքին: Համտեսում ենք կարմիր ու սպիտակ գինիներ:

Կատարոյի աշխատանքներին ծանոթանալուց հետո գնում ենք Maro հյուրատուն: Վերջինը կառուցվել է «Կատարո» գործարանի մարքեթոլոգ Կարինե Զաքարյանի ու նրա եղբոր ընտանիքի միջոցներով: Այս նախաձեռնության մեջ ամենաակտիվը Աննան էր՝ Կարինեի եղբոր կինը: Նրանք վերանորոգել են 1912 թվականին կառուցված տունը: Այստեղ նախարարը պատասխանում է մեր հարցերին ու խոսում է էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մասին:

«Մարո» հյուրատունը

Նախարարի հետ հարցազրույցը կներկայացնենք առանձին:

Մեկ օր նախարարի հետ էին Ալյոնա Հայրապետյանը եւ Քրիստինա Ալահվերդյանը

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close