ՀարցազրույցՔաղաքական

Մեր գլխավոր նպատակը ՀՀ հետ միացումն է

Արտախորհրդարան․ հարցազրույց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հետ

artsakhnow.am կայքը շարունակում է «Արտախորհրդարան» հարցազրույցների շարքը, որի մեջ կներկայացնենք 2020թ. ԱԺ ընտրություններին մասնակցած, սակայն անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի տեսակետները տարբեր հարցերի շուրջ: Հարցազրույցների շարքը շարունակում ենք «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ընտրություններին այդ ուժի համամասնական ցուցակը գլխավորած Վահան Բադասյանի հետ։ 

Պարո՛ն Բադասյան, Ձեր գլխավորած կուսակցությունը մասնակցում էր 2020 թ համապետական ընտրություններին, սակայն խորհրդարան չի անցել, ըստ Ձեզ, ո՞րն է ձախողման գլխավոր պատճառը։

-Չեմ կարծում, որ մենք ձախողվել ենք, այլ պարզապես խորհրդարան չենք անցել։ Մենք մեր խնդիրը կատարել ենք, որովհետև բոլոր կուսակցություններից միայն մերն էր, որ ինքնանպատակ չէր գնացել ընտրությունների, շատերը խաբել են․ խոսքս ընդդիմադիրների մասին է։ Նրանք խաբել են, որ ընդդիմադիր են։ Տեսեք, կային կուսակցություններ, որոնք պաշտպանում էին Մասիս Մայիլյանին, վատ էին արտահայտվում Արայիկ Հարությունյանի մասին, սակայն բոլորն էլ այսօր շատ սերտ աշխատում են Արայիկ Հարությունյանի հետ։ Այսինքն նրանք ընդդիմադիր չէին, և կային կուսակցություններ, որոնք նոր էին ստեղծվել, իհարկե մենք էլ ենք նոր ստեղծվել, բայց մեր շարքերը համալրել են այնպիսի անդամներ, որոնք մեծ ներդրում ունեն Արցախի պատմության մեջ։ Իսկ մյուսները հերթապահ թեմաների՝ Ղարաբաղ Տելեկոմի, մեկի կամ երկուսի մասին բան են խոսել և համարել են, որ ընդդիմադիր են։ Այդ քաղաքական ուժերը մեզ հետ չեն համագործակցել, չնայած որ առաջարկություն եղել է, նույնիսկ առաջարկել ենք այդ ընդդիմադիր կոչվածներին, որ մենք միանանք իրենց՝ նրանք գնան առջևից, մենք՝ հետևից, բայց նրանք չհամաձայնվեցին և այդ պահից մենք հասկացանք, որ նրանք բոլորը դրածոներ են։ Կարող ենք օրինակներ բերել, բայց, զերծ մնալով ինտրիգներից, անուններ չեմ տա։ Ամեն դեպքում պատճառը, որ մենք չեն անցել, մեր գաղափարներն էին։ Անցան հիմնականում ֆավորիտ հանդիսացող կուսակցությունները, նաև Սամվել Բաբայանի կուսակցությունը։ Այսինքն անցան իշխանական կուսակցություննները և մեկ ընդդիմադիր կուսակցություն, որը, ինչպես տեսաք, ընտրություններից հետո անցավ իշխանության կողմը, որի մասին ես բազմիցս պնդում էի և ասում էի, որ նրանք խաբում են։ Այսինքն նրանք, ընդդիմություն ներկայանալով, խաբելով կամ գուցե չխաբելով, փորձում էին մանդատներ վերցնել։ Եվ նաև իհարկե գործող իշխանությունները նույնպես դերակատարություն ունեցան Սամվել Բաբայանին բևեռ դարձնելու համար։ Այնուհանդերձ ես չեմ ուզում մանրանալ, քանի որ բազմիցս դրա մասին խոսել եմ։ Համենայնդեպս, այս ընտրությունների նման բազմաշերտ և ռեսուրս ծախսման առումով ընտրություններ չեն եղել։ Մեծ ռեսուրսներ է ծախսվել դաշինքների, խորհրդարանական կուսակցությունների կողմից։ Օրինակ տեսեք խորհրդարան անցած «Արդարություն» կուսակցությունը ինչքան գումար է ծախսել։ Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև ընդդիմադիր կոչված կուսակցությունները, գրեթե բոլոր գյուղերում շտաբներ ունեին, վստահված անձինք ունեին։ Փաստացի շտաբները փող բաժանելու միջոց են, ըստ որի նրանք գյուղերում մինչև մի քանի տասնյակ մարդ են վերցնում այդտեղ աշխատելու, նրանց որպես աշխատավարձ փող են բաժանում և նրանք ծառայում են։ Մի խոսքով, որպես ամփոփում նշեմ, որ նաև ժողովրդի կողմից գաղափարի չընդունումը եղավ պատճառը։

Վահան Բադասյանը

-Դուք նշեցիք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր աշխատում են Արայիկ Հարությունյանի ենթակայության տակ, սակայն մեզ հետ հարցազրույցի ժամանակ մասնավորապես «Վաղվա Արցախ» և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահները նշեցին, որ նրանք չեն համագործակցում Արայիկ Հարությունյանի հետ և չեն պատրաստվում համագործակցել։

-Այո կուսակցության լիդերները չեն համագործակցում։  «Վաղվա Արցախ»  կուսակցության անդամներից շատերը արդեն իշխանության հետ համագործակցում են, բացի այդ նրանց դաշինքը քաղաքական չէր, այլ անձնավորված էր, նրանք չունեն կոնկրետ նպատակներ և ծրագրեր, չունեն առաջարկներ մեր այսօրվա մարտահրավերների վերաբերյալ, ինչը չէի ասի «Ազգային վերածնունդ» կուսակցության մասին , որը ունի կոնկրետ նպատակ և քաղաքական կամք։

-Այսինքն, ըստ Ձեզ՝ այս ընտրությունները ոչ թե գաղափարական պայքար էր, այլ ռեսուրսների բախում։

-Այո։ Օրինակ Վիտալի Բալասանյանի կուսակցությունը՝ «Արդարությունը», նրանք մեծ ռեսուրսներ ունեին։ Ընտրությունների օրը բոլոր վստահված անձերը գումարներ ստացան, այսինքն 286 տեղամասերում ունենալով 5-6 մարդ արդեն 1500 մարդ է, դա էլ բազմապատկելով երկուսով կամ երեքով արդեն շատ ձայն է, և սա իհարկե ռեսուրսներ է։ Սամվել Բաբայանի կուսակցությունը, շատ ավելի մարդ ուներ,  նրանք ընդդիմություն էին չէ՞ ձևանում։ Անկեղծ ասած «Արդարությունը» փորձում է լինել ընդդիմադիր և քայլեր է ձեռնարկում։ Սակայն «Միասնական հայրենքը» հիմա արդեն ասում են, որ ընդդիմություն չէ, այլ կառուցողական են, արդեն փոխել են իրենց մտադրությունները և նույնիսկ իշխանության մեջ փորձում են իշխանություն ձևավորել և օրենքից դուրս՝ հակասահմանադրական ձևով անվտանգության խորհուրդի քարտուղարը ունի հարյուրից ավել հաստիքով աշխատակազմ, սա ոչ թե արդեն ծիծաղելի է, այլ ուղղակի մանկապարտեզ է, քանի որ ասում են, որ Արցախը պետք է ճանաչում ստանա, բայց նման ձևով Արցախը ինչպե՞ս ճանաչում ստանա, երբ խորհրդակցական մարմնի անդամներից մեկը հարյուրից ավելի աշխատակազմ ունի, սա արդեն ծիծաղելիից անցնում է զավեշտալիի։ Նրանց գլխավոր նպատակը հիմքերի ստեղծումն է, որպեսզի զավթեն իշխանությունը։

-Այսինքն Դուք պնդում եք, որ Սամվել Բաբայանի գլխավոր նպատակը իշխանության զավթումն է։

-Միանշանակ, իշխանության զավթումն է, որը համահունչ է նրա էությանը։ Նրան իննսունականներին մի փոքր իշխանություն տվեցին և մնացածը նա զավթեց։ Այն ժամանակներում նա զավթում էր սեփականությանը խլելով, սպանելով, բանտ նստեցնելով և այլ պատիժներ կիրառելով։ Կան այդպիսի լիքը օրինակներ, որոնք պետք է բացվեն պարզապես։ Եվ օգտվելով առիթից կցանկանայի, որ այս հայտարարությունը դատախազությունը ընդունի որպես հայտարարություն հանցագործության մասին։ Ես անընդունելի եմ համարում նախագահի հանդեպ մահափորձ իրականացրած անձի նշանակումն անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

-Այնուամենայնիվ վերջին ասուլիսի ժամանակ Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը այդ հանցագործությունների հետ կապ չունի և պատրաստ է դա ապացուցել։

-Գիտեք, ես նաև տեղեկացա երիտասարդներից, որ այդ ասուլիսի ժամանակ նա ասել էր, որ Շուշիի ազատագրման ժամանակ չորս ուղղություններից երեքը հետ է քաշվել և մնացել է միայն իր գլխավորած ուղղությունը, սակայն սա պատմության խեղաթյուրում է։ Հետաքրքիրը այն է, որ այդ ամենը ասվում էր 18-35 տարեկան երիտասարդների մոտ, ովքեր այդ գործողությունների ականատեսները չէին։ Սա նրա հերթական սուտն է։

Դուք հանդես էիք գալիս ՀՀ հետ միացման գաղափարով։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այդ ուղղությամբ առաջիկայում։

-Մենք շարունակելու ենք մեր գործընթացը, որովհետև մեր անվտանգության միակ երաշխիքը դա ՀՀ և Արցախի դե յուրե միացման գործընթացի ավարտն է։ Մեր քաղաքական հակառակորդներից ոմանք պնդում են, որ դա ճիշտ չէ և կբերի պատերազմի, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ մարդիկ հայ ժողովրդի բարեկամները չեն։ Պատերազմը, եթե լինի, չի նայելու մենք միացել ենք, թե չէ։ Ես վստահաբար ասում եմ, որ աշխարհը և գերտերությունները, Եվրոպան հատկապես հաշտված են այդ մտքի հետ, ինչպես նաև համոզված են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի տարածքի մեջ և ոչ մի թիզ չի զիջվելու։ Հակառակը աշխարհը միտված է կայսրությունների վերացմանը, իսկ Ադրբեջանը յուրովի կայսրություն է, այն հաստատ վերացվելու է, քանի որ այն արհեստական ստեղծված պետություն է բնիկ ժողովուրդների տարածքի հիման վրա, նույնն էլ իհարկե Թուրքիան է։ Աշխարհը ողջունում է մեր ցանկացած քայլ ուղղված մեր անվտանգության ամրապնդմանը։ Անվտանգության ամրապնդման և ֆիզիկական բնաջնջումից խուսափելու միակ ճանապարհը միասնական կուռ պետության ստեղծումն է, որի իրավունքը մեզ տրված է։ Այս երեսուն տարիների ընթացքում պարզ է դարձել, որ արդբեջանցին նույնիսկ տեսնելով հայի դիակը՝ խոշտանգում է այն, ինչպե՞ս կարող ենք մենք նրանց հետ ապրել, և աշխարհը կողմ է դրան։ Միացմանը դեմ արտահայտող ուժերը փորձում են մոլորեցնել մարդկանց։

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ձեռք է մեկնել բոլոր ուժերին։ Պատրաստ եք արդյո՞ք որևէ ոլորտի պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա։

-Մեր ծրագրերը իրականության մեջ տարբեր են, որովհետև մենք ուզում ենք, որ Հայաստանը այդ թվում նաև Արցախի բնական  ռեսուրսները անհատներ կողմից անխնա չօգտագործվեն, այլ լինեն պետության մենաշնորհ, օրինակ՝ ընդերքը, հանքերը։ Մեր ամենամեծ հարստություններից մեկը՝ ՀԷԿ-եր պետք է  օգտագործվեն միմիայն պետական նշանակության ծրագրերի և ժողովրդի համար։ Սա է մեր ծրագրի հիմնական տարբերությունը և այս ասպարեզում համագործակցելը անհնար է։ Նաև անտառների, բնության վիճակը չպիտի այսպես լինի։ Մեր համագործակցության հիմնական եզրը անվտանգության հայեցակարգի մեջ է օրինակ՝ առաջնագծի ամրապնդում, ազատագրված տարածքների վերաբնակեցում և գյուղատնտեսության զարգացում, բայց գյուղատնտեսության զարգացումը պետք է լինի ինտեսիվ, այ այստեղ մենք կարող ենք համագործակցել հանուն մեր երկրի զարգացման։

-Ո՞ր քաղաքական ուժերի հետ եք պատրաստ համագործակցել և ի՞նչ օրակարգի շուրջ։

-Բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք հանդես կգան ի շահ մեր ժողովրդի անվտանգության ամրապնդման, բայց իրատեսական ձևով, այլ ոչ թե անձնավորված և ապաքաղաքական։ Այն ուժերի հետ, ովքեր ուզում են, որ արցախում լինի իրական  զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, արդարություն, օրենքները լինեն բոլորի համար հավասար և Արցախը լինի Հայաստան, որը ամենակարևորն է։

-Որո՞նք են Ձեր քաղաքական ուժի նպատակները և պլանները։

Մեր առաջիկա պլաները միմիայն մեր շարքերի ամրապնդումն է և համալրումը։

Քրիստինա Ալահվերդյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close