Ռազմական

Նոր տեղեկություններ Ադրբեջան ուղարկվելիք ջիհադիստների մասին

Վերջին շաբաթներին հայտնվում է բավական մեծ քանակությամբ ինֆորմացիա թուրքական ղեկավարության՝ Սիրիայում տարբեր ջիհադիստական խմբերից թուրքական վարձկանների՝  Ադրբեջան տեղափոխելու մասին:

Մոբիլիզացման ու ռազմականացված խմբերից վարձկանների տեղափոխման մասին ինֆորմացիան սկզբում փոխանցում էին պրոքրդական ինֆորմացիոն աղբյուրները՝ խմբերի կազմի ու անգամ ծառայությունների դիմաց վճարների մասին նկարագրություններով: Հիմա ավելի հաճախ կարելի է հանդիպել նմանատիպ տեղեկության հենց պրոթուրքական ուժերի լրատվամիջոցներից:

Փորձենք հավաքել թարմ ընտրանի պրոթուրքական ջիհադիստների քիչ թե շատ հավաստի ինֆորմացիոն աղբյուրներից:

Step ինֆորմացիոն գործակալության հետ զրույցում, որը հայտնի է սիրիական ջիհադիստների ընդդիմության հետ իր մտերմությամբ, թուրքական աջակցության տակ գտնվող զինված խմբերի ռազմական աղբյուրը ասում է, որ MIT-ի (Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպություն) աշխատակիցները սկսել են մարտական փորձ ունեցող կամավորների հավաքագրում՝ երեքամսյա պայմանագրով ամիսը 2000 դոլարով Ադրբեջան ուղարկելու գործընթացը: Աղբյուրը տեղեկացրել է, որ Սուլթան Մուրաթի (Sultan Murat Tümeni), Համզայի (Hamza Tümeni), Ֆեյլաք-աշ Շամի (Feylak’uş Şam) դիվիզիաներից 1500 սիրիական վարձկաններ բերվել են պատրաստության, բայց այդ խմբավորման առաջադրանքները դեռևս որոշված չեն ու հստակեցված չեն ուղարկման ժամկետները:

All4Syria ինֆորմացիոն կայքը, որը հայտնի է իր պրոթուրքական ընդդիմության հետ մտերմությամբ, այդ թվում հայտարարել է, որ 1000 սիրիական մարտիկ ուղարկվում է Ադրբեջան չորեքշաբթի օրը (սեպտեմբերի 23-ին), և որ նրանք երեք ամիս այնտեղ գտնվելու համար կստանան 1800 դոլար աշխատավարձ:

All4Syria ինֆորմացիոն կայքի կոորդինատորը` Էյմին Աբդուլնուրը, հրապարակել է ձայնագրություն, որը ենթադրաբար պատկանում է Ադրբեջան ճանապարհվող մարտիկին:

Սիրիական լրագրող Խալիդ Իսքեֆը պնդում է, որ ջիհադիստական խմբերի ուղարկումն արդեն սկսվել է և Սիրիայի հյուսիսում գտնվող Հավար-Քիլիս սահմանային կետով ջիհադիստները հասցվել են Թուրքիա՝ Ադրբեջան փոխադրելու համար՝ միաժամանակ ցանցում տեսանյութ հրապարակելով:

Միաժամանակ կան զինված խմբավորումներ, որոնք հանդես են գալիս մարդկանց Ադրբեջան ուղարկելու դեմ:

Նույն Խալիդ Իսքեֆը կիսվել է հայտարարությամբ, որն արել էր պրոթուրքական «Սիրիական ազգային բանակի» «Երրորդ կորպուսը»:

Ըստ հայտարարության, Երրորդ կորպուսը, որը գլխավորում են Ջեբխաթ-աշ-Շամն ու Սուքուրաշ-Շամը, հրաժարվում է ուժեր ուղարկել Ադրբեջան և հայտարարում է, որ նրանք, որոնք համաձայնվում են և ընդունում են Ադրբեջանում և Լիբիայում ռազմական գործողություններին մասնակցելու պայմանները, խստորեն կպատժվեն:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարությունը արդեն սիրիաական մարտիկներին ուղարկել էր Լիբիա, Տրիպոլիի կառավարությանը՝ որպես Մուսուլման եղբայրներ կազմակերպության դեմ աջակցություն և այս անգամ պատրաստվում է մոբիլիզացնել նրանց` Ադրբեջանին աջակցելու համար:

Լիբիական պատերազմում Թուրքիայից մասնակցում է 7400 մարտիկ Սիրիայից: Նրանցից ավելի քան 200-ը զոհվել են, թեկուզ վարձկանների կորստի հստակ հաշվարկ ոչ մեկ չի վարում, և հնարավոր է, որ զոհվածների թիվը շատ ավելի մեծ է:

Թուրքական ու ադրբեջանական պաշտոնական դեմքերը դեռ ժխտում են Սիրիայից պրոթուրքական խմբավորումների ծրագրերի նեգրավման մասին հաղորդագրությունները: Չնայած նրանց ժխտմանը, ռազմական խմբերի հետ կապեր հաստատվում են: Դրանք ավելի հաճախակի բնույթ են ստացել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանի համար զգայական պարտության արդյունքում:

Այդպիսով, Սիրիայում պրոթուրքական ուժերի մասին տեղեկությունները թեկուզ իրար հակասող են, մասնավորապես վարձկանների ծառայությունների դիմաց վճարները և Ադրբեջան փոխադրելու համար նախատեսված խմբերի քանակը, այնուամենայնիվ, կա միտում, որ նմանատիպ աշխատանքներ տարվում են, և բացառված չէ, որ հայկական բանակը ստիպված է լինելու մի քանի թեժ կետերում բախվել ջիհադիստական ավազակների հետ, ինչպես եղել է 90-ական թվականներին աֆղանական մոջահեդինների և այլ երկրներից վարձկան խմբերի հետ:

Էդուարդ Առաքելյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close