ՀարցազրույցՏնտեսական

Նպատակը՝ ապահովել երկու հայկական պետությունների պարենային ինքնաբավությունը

Հարցազրույց ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ

«Մեկ օր նախարարի հետ» նոր շարքի շրջանակում artsakhnow.am-ը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող փոփոխությունների, ոչխարաբուծության զարգացման, սպանդանոցային մորթի ներդրման մասին զրուցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ։

-Պարոն Բախշիյան, գյուղատնտեսական քաղաքականության ոլորտում կատարվում են փոփոխություններ։ Ըստ Ձեզ ի՞նչ պետք է արվեր նախկինում, որ չի արվել։

-Գիտեք  ինչպես է՝  հիմա, նախկինում, հետագայում կարգերը միշտ փոփոխվելու են։ Այսինքն չի կարելի սովորել ֆիզիկա, եթե չգիտես մաթեմատիկա և կարծում եմ այսօր պետք է փաստենք, որ գյուղատնտեսությունը եկել է մի աստիճանի, երբ ակնհայտ է, որ պետք է ևս մեկ աստիճան բարձրանանք և ինչքան կայացած հողօգտագործող կա, ինչքան գյուղատնտեսը պարտաճանաչ է՝ պետությունը աջակցելու է նրանց,   նպաստելու է հողօգտագործողների ճիշտ դասակարգի գոյացմանը։ Իսկ մյուսները կամ պետք է ընտրեն վարձու աշխատանք այդ նույն կայացած հողօգտագործողների մոտ կամ ընտրեն գործունեության այլ տեսակ։ Առհասարակ, եթե անձը այսքան տարի օգտվել է աջակցություններից և չի հասել հաջողության, ուրեմն կա երկու պատճառ՝ օբյեկտիվ, որը  կարող է պայմանավորված  լինել օրինակ՝ կլիմայական պայմաններով, և կա սուբյեկտիվ պատճառ, երբ անձը տարեցտարի աջակցություն է ստանում, և այդ աջակցությունը օգտագործում է այլ նպատակներով, չի զարգանում, ուրեմն այս մարդը պետք է դուրս գա մրցակցությունից և իրեն դրսևորի այլ ոլոտներում։ Ոչ մեկ իրեն չի ասում, որ նա վատ մարդ է, ուղղակի ակնհայտ է, որ գյուղատնտեսությունը նրանը չէ։

-Վերջին շրջանում ջրաբաշխման հետ կապված դժգոհություններ կան փոքր հողօգտագործողների կողմից, նամանավանդ Ասկերանի շրջանում։ Արդյո՞ք այս բողոքները հիմնավորված են։

-Իհարկե, մենք հիմա կանգնած ենք ոռոգման համակարգի քաղաքականության արմատական վերանայման փուլում։ Ինչպես տեղյակ եք ձևավորվել է ջրային տնտեսությունը և նախկին ապակենտրոն կառավարումը բերել է արդարացի դժգոհության, քանի որ մի մասը կառավարվել է գյուղատնտեսության նախարարության կողմից, իսկ մի մասը իրականացվել է վարչակազմերի կողմից։ Փորձը ցույց է տվել, որ այս ապակենտրոնացումը բերել մի շարք խնդիրների։ Մենք փորձում ենք կենտրոնացնել և այն հողօգտագործողները, որոնք կունենան պայմանագրեր, ջրային տնտեսությունը ուղղակի պարտավոր է  ապահովել ջրով, ըստ գրաֆիկի և ըստ սխեմաների, որը նախորոք կնքվելու է։ Մինչև այս կամ այն բույսը ցանելը, պետք է ջրային տնտեսության հետ ունենաս կնքված պայմանագիր, քանի որ մենք ունենք որոշակի ջրի քանակ և պետք է արդարացիորեն բաշխենք բոլոր հողօգտագործողների մեջ՝ կախված մշակաբույսերից։ Ակնհայտ է, որ եթե բոլոր այս տարածքներում ցանվի եգիպտացորեն՝ հնարավորություն չի լինելու բոլորին ապահովել ջրով, ուրեմն այստեղ հենց ցանքսի ժամանակ պետք է պլանավորենք, որ պետք է այս քանակությամբ եգիպտացորեն, այսքան աշնանացան, այսքան գարնանացան, այսքան այգի, քանի որ ամեն մշակաբույս ունի իր ոռոգման առանձնահատկությունները։ Տեղին են նաև այն բողոքները, որ եթե հողօգտագործողը չի ստացել իր հասանելիք ջուրը, այս մասով մենք փոխհատուցելու ենք իհարկե, սակայն հետագայում պետք է գտնվեն մեղավորները, և արդեն իսկ այն ջրբաշխները, ովքեր սխալ են իրականացրել ջրբաշխումը ազատվել են աշխատանքից։

-Ըստ վիճակագրական տվյալների գյուղատնտեսությունը անկում է ապրել։ Արդյո՞ք ինչ քայլեր եք ձեռնարկելու այս բացը լրացնելու համար։

-Իրականում այն ինչ մենք ունենք այսօր անասնաբուծություն ոլորտում հեռու է մեր երազած թվից, մենք նախատեսում ենք միայն այս տարի ներկրել 10 հազար տոհմային ոչխար։ Ոչխարաբուծությունը դիտվելու է, որպես արտահանման մեծ պոտենցիալ ունեցող ճյուղ և մենք պատրաստվում ենք ոչխարաբուծությունը զարգացնել զուտ արտահանման առումով, մսամթերքի առումով ունենք բարձր ինքնաբավարարման աստիճան՝ ոչխարի մասով 100 տոկոս, տավարի միսը 92 տոկոս, նաև խոզի մսի առումով ևս 90-ի մոտ։ Սակայն նաև պետք է մտածենք արտահանման մասին, առհասարակ ինքնաբավության մասով մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն Արցախի այլև երկու հայկական հանապետությունների ինքնաբավության, պարենային անվտանգության մասով։ Ամեն տարի մենք վերանայում ենք մեր ծրագրերը, օրինակ  բանջարեղենի պահով մեր ինքնաբավությունը 52 տոկոս է, բայց մենք նպատակ չունենք հասնել 100 տոկոսի, քանի որ Հայաստանում ավելցուկ կա, այսինքն մեր երկու հանրապետությունների պարենային անվտանգությունը մեկ նպատակ է հետապնդում՝ պետք է հասնենք այն աստիճանի, որ լիովին ապահովենք մեր ինքնաբավությունը, ինչպես նաև զբաղվենք արտահանմամբ: Այս առումով հետաքրքիր կարող է լինել ոչխարաբուծությունը, մի քանի բրենդային տեսակներ՝ գինին, օրինակ՝ «Կատարոն», հայկական մեղրը, նուռը, դեղաբույսերը, դոշաբը և մրգային օղիները։

-Դուք խոսեցիք ոչխարաբուծության զարգացման մասին, սակայն այնուամենայնիվ դա չի՞ բերելու մեղվաբուծության անկման կամ գուցե նաև անապատացմանը։

-Ընդհանրապես մեկ ճյուղի զարգացումը չպետք է լինի մյուս ճյուղի հաշվին։ Փառք Աստծո մենք ունենք բավականին տարածքներ, սակայն ցավոք սրտի դրանք չեն օգտագործվում։ Եվ թե Արաքսի ափը, և թե օրինակ Շահումյանի շրջանի որոշ տարածքներ։ Անցած ամիս ես Շահումյանի շրջանում էի հասանք մինչև Ալ լճեր, այդտեղ անծայրածիր տարածքներ կան, որոնք կարող են օգտագործվել և որպես արոտավայր և նաև մեղվաբուծության համար են հարմար։ Մենք այս առումով աշխատանք են տանում: Եթե ոչխարաբուծության հայտերը ընդունվի և այնտեղ լինեն մեղվաընտանիքներ, ուրեմն չպետք է մեկը մյուսին վնասի։

-Այսինքն այն տարածքները, որոնք մինչ այդ չեն օգտագործվել նպատակ ունե՞ք օգտագործել։

-Միանշանակ բոլոր տարածքները պետք է օգտագործել, բայց մեկը մյուսի հաշվին չէ, եթե ինչ-որ ճյուղ պետք է վնասի այլ ճյուղի, ուրեմն դա չի լինելու։

-Սպանդանոցային մորթը Հայաստանում դառնում է պարտադիր։ Արդյո՞ք ինչպես է իրականացվելու այս գործընթացն Արցախում։

-Սպանդանոցային մորթը դիտվում է մեր կողմից, որպես առաջնային խնդիրներից մեկը։ Պետք է ձևավորվի սպանդաոցային մորթի մշակույթը, սակայն անցումը պետք է սահուն լինի, որպեսզի չվնասենք ֆերմերներին և մեզ մոտ պետք է նախանշվի, թե որտեղ որքան սպանդանոցներ պետք է լինեն, հետո հայտարարվի, որ սպանդանոցային մորթը պարտադիր է։ Պետությունը երեք ձևով է աջակցում սպանդանոցների կառուցմանը՝ ներդրումային, երբ տնտեսվարողը իրա հաշվին կառուցում է սպանդանոցը, իսկ պետությունը 50 տոկոսը հետ է վերադարձնում, երկրորդ աջակցությունը անտոկոս վարկերի ձևով է, իսկ երորրդը, եթե հայտատուն չի բավարարում այդ երկու աջակցության ծրագրերի պայմաններին, ապա արդեն պետք է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից վերցնեն վարկ 7 տոկոսով։

Հարցազրույցը՝ Քրիստինա Ալահվերդյանի

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close